Հասարակություն

Հայկական սովետական հանրագիտարանն այսուհետ հասանելի է նաեւ Վիքիպեդիայում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայերեն «Վիքիպեդիան» մեծ առաջընթաց է ապրել և հոդվածների քանակով արդեն 60-րդ տեղում է աշխարհում: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սուսաննա Մկրտչյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ այս գիշեր հայերեն Վիքիպեդիան անցել է 50 հազար հոդվածի սահմանը: Հայերեն «Վիքիպեդիան» բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու օն-լայն տարբերակն է: Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը` հայերենի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ մնացած տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները:

«Վիքիմեդիա Հայաստան»-ը Վիքիմեդիա հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչն է: Տարածաշրջանում դեռեւս միակ Վիկիխորհուրդը` Վիկիմեդիան, կանգ չի առնելու. հայկական օնլայն բովանդակությունն ինտերնետում դեռ պետք է շատանա: Վերջին նորություններից մեկն էլ Հայկական սովետական հանրագիտարանի թվայնացումն էր: Հատորներն արդեն սքան են արվել ու տեղադրվել Վիքիպեդիայում: Հայկական օն-լայն բովանդակության հարստացումը խիստ կարեւոր է հատկապես պատմական ու քաղաքական տեսանկյունից:

Բացի այդ` Հայաստանի մարզերի բնակավայրերի մասին տեղեկատվությունը շատ սահմափակ է, ուստի առաջիկայում կկազմակերպվեն սեմինարներ, որոնք կօգնեն տեղում գտնել համակարգողների, և մարզերի բնակիչները կկարողանան իրենք իրենց բնակավայրերի մասին հոդվածներ տեղադրել: Հիմա էլ «Վիքիմեդիա Հայաստան»-ը ներբեռնվող տեղեկատվության հայկական հեղինակային իրավունքի համար է պայքարում, որպեսզի մեր հարեւանների «ձեռքը չհասնի» հայկական կողմի ներկայացրած փաստերին ու տեղեկություններին։

Հայ կամավորները հայկական օն-լայն հանրագիտարանում ավելացրել են հատկապես հայկական բնակավայրերի մասին հոդվածներ: Ավելի շատ և բովանդակալից հոդվածներ են խմբագրվում շոու բիզնեսի, սպորտի, հայտնի մարդկանց և բնակավայրերի մասին: Դեռ «կաղում են» կրթական ոլորտի հոդվածները: Դրանք ներկայանալի տեսքի բերելու համար աշխատանքներ են տարվում կրթության և գիտության նախարարության եւ բուհական մասնագետների հետ: Քայլեր են արվում «պրեզենտացիոն» նյութերի ստեղծման ուղղությամբ:

 

Խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանը հայտնեց, որ աշնանը կկայանան երկու խոշոր միջոցառումներ. սեպտեմբերից կանցկացվի «Վիքին սիրում է հուշարձաններ» համաշխարհային լուսանկարչական մրցույթ, իսկ հոկտեմբերին՝ երկրորդ Վիքի-կոնֆերանսը: Այսպիսով մինչեւ աշուն հայկական Վիքիպեդիայում կներբեռնվեն նաեւ մեծ թվով լուսանկարներ: Ամեն ինտերնետ-օգտատեր կարող է բեռնել հայկական մշակութային որեւէ հուշահամալիրի լուսանկարն ու մասնակցել «Համաշխարհային վիկին սիրում է հուշարձաններ» մրցույթին: Սա հայկական նյութական մշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու նոր հնարավորություն է:

Ցուցադրել ավելի
Back to top button