ԿարևորՏնտեսական

Վրաստանում այս տարի ակնկալում են 5 մլն զբոսաշրջիկ. հայերը այցելուների մեջ երկրորդ տեղում են

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր» Թբիլիսի-Բաթում

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/010813Gita_Tourism_Georgia.mp3

«Ամռանը Սև ծովի աջարական ափերին պաշտոնական լեզուն հայերենն է». այս օրերին այսպես են կատակում Վրաստանու։ Ամռան այս ամիսներին հայերն այնքան շատ են Բաթումիում, Քոբուլեթիում ու այլ ծովափնյա վայրերում, որ նույնիսկ փողոցներում կարելի է հանդիպել հայերեն գրությունների: Խանութներում էլ կարելի է գտնել հայկական ապրանքներ, իսկ ռեստորանններում ու սրճարաններում լսել հայկական երաժտություն: «Մենք երկու թբիլիսահայ ընկերներ ենք. ամեն տարի ամռանը հրավեր ենք ստանում այստեղ նվագելու, երգելու ու սպասում ենք, որ մեր հայրենակիցներին ուրախացնենք»,- ասում է զրուցակիցս։

Վիճակագրությունը փաստում է, որ Վրաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը հարևան երկրներից են: Վրաստանում զբոսաշրջիկների թվով Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ երկրորդ տեղում է: Առաջին տեղում Թուրքիան է, իսկ երրորդում` Ադրբեջանը:
«Վերջին երեք տարիներին Հայաստանը երկրորդ տեղում է և հուսով ենք, որ առաջին տեղը կզբաղեցնի»,- ասում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավարի խորհրդական Սիկո Գեգիաձեն՝ հավելելով, որ հայ զբոսաշրջիկների թվի ավելացումը իրենց հույս է տալիս, որ տուրիզմը երկրում էլ ավելի կզարգանա: Հայաստանցիները Վրաստան գալիս են գերազանցապես հանգստի նպատակով: Վրաստանում տուրիստական վայրերից ամենահայտնին համարվում են Թբիլիսին և Բաթումին: Ամառային սեզոնին գները սևծովյան հանգստավայրերում մեկ անձի համար սկսվում են 10-լարիից (մոտ 2500 դրամ)։ Գները կախված են նրանից, թե ինչպիսի ծառայություններից է զբոսաշրջիկը նախընտրում օգտվել։ «Տուրիստական օբյեկտների 70 տոկոսի ծառայությունները համապատասխանում են եվրոպական չափանիշերին», -վստահեցնեում է տուրիզմի վարչության մասնագետը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերջերս մամուլիս ասուլիսի ժամանակ խոսելով երկրի տնտեսության մեջ տուրիզմի նշանակության մասին, նշել էր, որ զբոսաշրջիկների թիվը մինչև տարեվերջ բավականին տպավորիչ կլինի:
Անցյալ տարի Վրաստան է այցելել 4 մլն զբոսաշրջիկ, իսկ այս տարի ոլորտի պատասխանատուները ակընկալում են, որ այդ թիվը կհասնի 5 մլն-ի:

Back to top button