Սահմանախախտության մասին լուրը հարցեր է առաջացնում


Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հաստատել է թուրք հոիվի կողմից հայ- թուրքական սահմանը հատելու մասին տեղեկությունը եւ այժմ դեպքի առիթով հետաքննություն է իրականացնում։ Թուրքական Anadolu գործակալության հաղորդման համաձայն՝ սահմանակից Կարս քաղաքի բնակիչ, հովիվ Մուստաֆա Ուլքերը հատել է սահմանը հուլիսի 31- ին եւ վիրավորվել հայ սահմանապահների կողմից։ Գործակալությունը միջադեպի մանրամասները հայտնելով հաղորդում է, որ «հովիվը Հայաստանի սամանը հատել է պատահաբար կորած անասունը փնտրելու նպատակով, հայ զինծառայողները կրակել են նրա վրա, ապա կալանավորել»։
Թուրքական այդ շրջանի վարչակազմի ղեկավար Օսման Ուղուրլուն Anadolu- ին հայտնել է, որ թուրքական սահմանապահ ջոկատի հրամանատարությունը հայկական կողմի հետ բանակցություններ է սկսել հովիվին ազատ արձակելու ուղղությամբ։ CNN Türk հեռուսակայանն էլ այսօր հայտնել է, որ հովիվը մահացել է ստացած վերքերից եւ այժմ բանակցություններ են տարվում սահմանախախտի դիակը վերադարձնելու ուղղությամբ։
Ռուսական «Ռեգնում» գործակալությունն էլ տեղեկություններ հաղորդելուն զուգահեռ հայտնում է, որ որպես կանոն հայ կամ ռուս սահմանապահները սահմանախախտներին կարողանում են բռնել առանց կրակոցների եւ ուղարկում հետ։ Մի քանի անգամ խմբակային սահմանախատումներն ավարտվել են ձերբակալություններով եւ սահմանախախտներին Թուրքիա արտաքսելով։ Այս պարագայում դեռ անհայտ է, թե ինչու թուրք հովիվը չի արձագանքել սահմանապահների զգուշացումներին եւ հրամաններին, ինչպես նաեւ նախազգուշական կրակոցներին։ Գործակալությանը սա թույլ է տալիս ենթարել, որ «Ուլքերը սահմանն անցնելիս կարող էր եւ այլ նպատակներ հետապնդելլ «կորած անասուն փնտրելուց» բացի»։