ԿարևորՏնտեսականՔաղաքական

Կառավարությունը տնտեսական աճի վերլուծություն կիրականացնի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստից առաջ շենքի բակը կրկին լիքն էր ոստիկաններով: Այս անգամ բողոքի ակցիայի միջոցով կառավարության ուշադրությունը փորձում էին իրենց խնդիրների վրա հրավիրել Սեւան քաղաքի վթարային շենքերի բնակիչները: Դեռ անցյալ տարվանից կառավարությունն առանձին որոշմամբ գումար է առանձնացրել նրանց բնակարանային խնդիրների լուծման համար: Բնակիչները, սակայն, պնդում են, գումարն իրենց չի հասել, որ հասնի էլ, դա շատ քիչ է նոր բնակարան ձեռք բերելու համար. ոչ վթարային շենքում ապրել շարունակելն է ելք, ոչ էլ վարձով մնալու հնարավորություն ունեն։

Արդեն կառավարության նիստի ժամանակ հարցին անդրադարձ եղավ: Տարածքային կառավարման նախարարությունից զեկուցեցին` հաստատվում է Սևանի Նալբանդյան փողոցի թիվ 36 շենքից աջակցություն ստացող ընտանիքների ցանկը և տրամադրվող աջակցության չափը` 1 քմ-ի  համար շուկայական միջինացված գնով, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ: Սեւանից իրենց բողոքով Երեւան հասածների թվում այս հարցով էլ բողոքողներ կան. նախնական ցուցակներում իրենց անունները կան, ընթացքում անհետացել են: Նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ խնդրին ինքը ծանոթ չէ, թեեւ հարցը առավելապես հենց սոցիալական բնույթի է: Խոստացավ` կծանոթանա։

Հաշմանդամների հին հարցերին` նոր մոտեցում: Հաստատվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրինագիծը: Պետք է հստակեցվեն նաեւ սոցիալական բնակֆոնդի ձևավորման բոլոր կետերը և թե ովքեր կարող են օգտվել դրանցից: Ավելի հստակ` օրինագիծը միտված է առավել արդյունավետ լուծում տալ մանկատան շրջանավարտ և մանկատան խնամքին մնացած երեխաների բնակարանային խնդիրներին: 2003թ-ից մինչ օրս հաշվառված է 364 նման անձ: 239 մարդ արդեն ստացել է բնակարան Մարալիկի շենքերում, առաջիկայում բնակարաններ կտրվեն Ծաղկավանում, Սպիտակում և Ստեփանավանում:

Երեւանի Թբիլիսյան խճուղում ևս մեկ շենք արդեն վերանորոգվել է և կանցնի սոցիալական բնակֆոնդին, պարզաբանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորեց նախարարին լայնորեն համագործակցել հասարակական կազմակերպությունների, կոնկրետ` Հայ օգնության միության հետ: Նրանց փորձը պետքական է ու հաջողված:

Հաստատվեց նաեւ 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության ծրագիրը: Ըստ այդմ` պետք է շարունակվի բարձրորակ սերմերի ներկրումն ու վերարտադրության նպատակով գյուղացիներին տրամադրումը: Նկատի առնելով ներկրված սերմերի որակից գյուղացիների պարբերական դժգոհությունները` վարչապետը հորդորեց որոշման մեջ առանձին կետով շեշտել` սերմացուի լաբորատոր փորձաքննությունը պարտադիր է, որ դրա էլիտար որակի հանդեպ կասկածներ չմնան: Փորձաքննություն արվում է ու կարվի, վստահեցրեց գյուղնախարարն ու դրական կանխատեսմամբ շարունակեց խոսքը` այս տարի սպասվում է ցորենի աննախադեպ բերք:

Նույն աննախադեպ ցուցանիշերը, սակայն, տնտեսության ոչ բոլոր ճյուղերում են արձանագրվում: Տիգրան Սարգսյանի հանձնարարականով բոլոր գերատեսչությունների ղեկավարներն իրենց ոլորտներում պետք է տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն և հաջորդ շաբաթ ներկայացնեն կառավարության նիստին: «Պետք է կարողանանք գնահատել պոտենցիալը և ապագա անելիքները, որպեսզի այս տարի ևս մենք ապահովենք տնտեսական բարձր աճի ցուցանիշներ: Լուրջ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել մեր տնտեսության մեջ, և մենք պետք է կարողանանք նայել, թե որոնք են այն բացասական միտումները, որոնք առկա են, և ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ այդ ոլորտներում ապահովենք աճի տեմպեր»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button