ԿարևորՀասարակություն

Դատապարտյալների առողջական խնդիրների մասին հաշվետվությունները մնում են անպատասխան

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հուլիսին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացանող հասարակական դիտորդական խումբը  արդարադատության նախարարությանը ներկայացրել է 3 հրատապ հաշվետվություն, որը վերաբերում է  դատապարտյալների առողջական վիճակին։ Հաշվետվությունները մնացել է անպատասխան, այսօր հայտնել են խմբի անդամները՝ տեղեկացնելով,  որ արդարադատության նախարարը մեկնել է արձակուրդ։

 

Արդեն կոնկրետ փաստեղ ներկայացնելով՝ խմբի անդամներն այսօր նշել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կրող դատապարտյալներից մեկի մասին, որին անհրաժեշտ է շտապ վիրահատություն. հիվանդի մոտ ախտորոշվել է  բերանի խոռոչի ոսկրային համակարգի  փտում: Սակայն քրեակատարողական հիմնարկի պարզաբանումների  համաձայն` վիրահատությունը չի իրականացվել գումարներ չլինելու պատճառով:

Ըստ դիտորդական խմբի անդամ Սերգեյ Գաբրիելյանի` հիվանդը գտնվում է ծանր վիճակում, չի ստանում  անհրաժեշտ դեղորայք: Ավելին՝ հիվանդությունը ծանր հիվանդությունների ցանկից է և ըստ այդ ցանկի 37-րդ  հոդվածի  3- րդ կետի` դատապարտյալին կամ պետք է անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել, կամ էլ ազատել պատիժը կրելուց: «Ցավոք սրտի՝ մինչև օրս ոչ մի բան չի իրականացվում  և մեր տեղեկությունների համաձայն, որը մենք ստացել ենք համապատասխան քրեակատարողական հիմնարկությունից, դեռ նման 7 հիվանդ կա այնտեղ, և ոչ մի առաջխաղացում չկա»,- ասում է Սերգեյ Գաբրիելյանը:
Այս խնդրի վերաբերյալ դիտորդական խումբն արդարադատության նախարարություն ուղարկել է հրատապ երկու հաշվետվություն, որը մնացել է անպատասխան: Քրեակատարողական հիմնարկների վարչակազմի հետ խնդիրներից  խուսափելու համար շատ հաճախ բժիշկները կաշկանդվում  են իրական հիվանդությունը փաստելու հարցում, հայտարարեց Գաբրիելյանը և ավելացրեց, որ ապացույցը Աբովյանի քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող կին դատապարտյալն է, ով օրական ընդունում է 64 միավոր ինսուլին։ Սա դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին, սակայն բժիշկներն արձանագրում են ավելի քիչ միավոր:

 

Դիտորդական խմբի մեկ այլ անդամ Ռոբերտ Ռևազյանն այս պարագայում ճիշտ է համարում քրեակատարողական հիմնարկների բուժական մասը առողջապահության նախարարության ենթակայությանը հանձնելը, որպեզի բժիշկներն ազատ լինեն իրենց որոշումներում։

Արդարադատության նախարարությանը հասցեագրված  հայտարարության մեջ հասարակական դիտորդական խումբը նշել է, որ  իրենց լիազորություններն իրականացնելու են  օրենքով սահմանված բոլոր միջոցներով: Այսօր խմբի անդամները հայտարարեցին, որ հարցին հարկ եղած դեպքում վերջնական լուծում կտան նաև  դատական ճանապարհով:

Ցուցադրել ավելի
Back to top button