Հասարակություն

Ամառային արձակուրդներն ու մշակութային օջախները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երևանի պատմության թանգարանը շատերի կողմից սիրված կենտրոն է անգամ ամառվա տապ ամիսներին, երբ երևանցիների մեծամասնությունը գնում է քաղաքից դուրս: Թեև ամառային ամիսների ընթացքում ուսանողների այցելությունը Երևանի պատմության թանգարան նվազել է, արդյունավետ աշխատանքի շնորհիվ թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը չի նվազել և այցելուների ընդհանուր թիվն էլ պահպանվել է, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն  Գևորգ Օրբելյանը: Նրա տեղեկացմամբ` միայն այս 2 ամիսների ընթացքում թանգարանն ունեցել է շուրջ 1500 այցելու, որոնց մեծ մասը եղել են հիմնականում զբոսաշրջիկներ` Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՊՀ մի շարք երկրներից:

 

Թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է հատկապես երիտասարդների կողմից, նկատեց թանգարանի փոխտնօրենը: Նրա տեղեկացմամբ` այցելուների մեծ մասը հետաքրքրված է հատկապես հին Երևանով: Եթե թանգարանի այցելուների թիվը ամռան ամիսներին չի պակասել, ապա նույնը չի կարելի ասել Ազգային գրադարանի այցելուների մասին: Խնդիրն այն է, որ գրադարանի այցելուները հիմնականում ուսանողներ են և բնական է, որ արձակուրդների այս ամիսներին այցելուների թիվը պակասել է:  Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը վստահ է, որ ընդամենը մեկ ամսից գրադարանը դարձյալ կդառնա մարդաշատ:


Ազգային գրադարանն էլ մի շարք միջոցառումներ է իրականացրել ընթերցողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Նորություններից Տիգրան Զարգարյանն առանձնացրեց Թամանյանական մասնաշենքի մեծ ընթերցասրահի վերաբացումը: Տնօրենը 
հայտնեց, որ շարունակվում է նաև թվայնացման գործընթացը, որն էլ ավելի կնպաստի այցելուների հոսքին և շատ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ընթերցողների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button