Հասարակություն

Սոցիալական կարիք ունեցողին ոչ թե ձուկ, այլ` կարթ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Սոցիալական կարիք ունեցողին ոչ թե ձուկ, այլ` կարթ. այս սկզբունքով է մշակվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր, վերախմբագրված տարբերակը, որը շրջանառության մեջ է դրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Օրինագծով փորձ է արվում  ինտեգրված սոցիալական համակարգ ձևավորել, ներդնել սոցիալական միասնական ծառայության ու սոցիալական աշխատողի ինստիտուտը: 

Կառավարության մշակած նախագծի շուրջ պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասանկցությամբ այսօր քննարկում է հրավիրել Մամուլի ազգային ակումբը։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/310713social.mp3

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր, վերախմբագրված տարբերակը գալիս է փոխարինելու 2005 թվականին ընդունվածին: Ոլորտի պատասխանատուները նշում են, որ գործողի և առաջարկվողի միջև  սկզբունքային տարբերություններ կան,  որոնք փոխելու են Հայաստանում սոցիալական աջակցության  տրամաբանությունը:  Նախագծով փորձ է արվում սոցիալական ինտեգրված համակարգ ձևավորել, որի հիմքում սոցիալական մեկ պատուհանի սկզբունքն է:

«Մեկ ընտանիքում կուտակվում են այնպիսի տարբեր խնդիրներ, որոնց այսօրվա գործող համակարգը լուծումներ է տալիս տարբեր մարմինների միջոցով՝ զբաղվածության կենտրոն, սոցիալական ծառայություն, կենսաթշակային։ Կառույցները շատ են, ու դրանց կողիքն կան նաև հասարակական կազմակերպություններ, որոնք էլ իրենց հերթին են տարբեր ծառայություններ մատուցում: Ակտիվ ընտանիքը կարողանում է օգտվել բոլոր հնարավորություններից, իսկ ընտանիքներ կան, որոնք հիասթափվում են այդքան դռներ թակելուց և չեն ստանում ոչ մի օգնություն։ Քաղաքացին մեկ խնդիր ունի ՝ ուզում է ոչ թե տարբեր դռներ թակել, այլ դիմել մեկ տեղ ու ստանալ իր հարցերի պատասխանները: Սա է հնեց մեկ  պատուհանի սկզբունքը, որը հանրապետության 19 տարածքային կենտրոններում արդեն փորձարկվում է»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

Սոցիալական ինտեգրված համակարգի ներդրման հարցում օրինածով առաջարկում է ներգրավել  ոչ միայն պետական կառույցներին, այլ մասնավոր հատվածին և  հասարակական ցանցին նույնպես։ Կարևորվում է սոցիալական աշխատողի դերակատարումը: Ամենակարևորը՝ փոխվում է շեշտադրումը. դրամական աջակցության մեխանիզմից պետությունը փորձում է անցում կատարել սոցիալական կարիք ունեցողների կարողությունների ու հնարավորությունների զարգացմանը:

Ըստ Աստղիկ Մինասյանի՝ սա չի նաշանակում, որ պետությունը հրաժարվում է դրամական աջակցությունից ընդհանրապես: «Իհարկե՝ դրամական օգնությունները կլինեն, բայց դրանք չեն լինի այն հիմնական օգնությունը, որը պետությունը տրամադրելու է աղքատ ընտանիքներին: Աղքատությունը կրճատելու համար ոչ թե դրամական միջոցներ են պետք, այլ տվյալ հմտություններն ու հնարավորոթուննները, որ ընտանիքն աշխատանքի միջոցով ինքը կարողանա վաստակել այդ միջոցները»:

 

Այլ կերպ՝ կարիքավոր ընտանիքին ու անհատին պետությունը փորձելու է ոչ թե ձուկ, այլ՝ կարթ տալ: Ընդունվելու դեպքում ՝ նախագիծը դառնալու է  ամենամարդասիրականը գործող օրենքների մեջ: Սա արդեն «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարաոն Ադիբեկյանի կարծիքն է: Նրա մոտավոր հաշվարկներով ՝ օրինագիծը կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ սոցիալական ծառայության և սոցիալական աշխատողի ինստիտուտ է ձևավորում, ընտանիքն է դառնում սոցիալական աջակցության հասցեատերը,  այլ նաև այն պատճառով, որ առնչվելու է Հայաստանի մոտ կես միլիոն քաղաքացիների շահերի:

 

«Մեր հաշվարկներով՝ այս օրենքը վերաբերելու է մոտ կես միլիոն մարդու։ Մենք ունենք 180 հազար հաշմանդամ, պաշտոնական տվյալներով՝ 120-140 հազար գործազուրկ, ունենք «Փարոսից» օգտվող ընտանիքներ, միայնակ ծերեր, միայնակ մայրեր: Այսինքն՝ այս օրենքը ընդունվելու դեպքում դառնալու է ամենամարդասիրականը եղած օրենքներից»,- ասաց սոցիոլոգը։

Ցուցադրել ավելի
Back to top button