Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը՝ ուրբաթ


Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ, «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր ազգականներից Սերգեյ Օսիպյանը։ «Թաղումը տեղի կունենա ուրբաթ Երեւանում ընտանեկան գերեզմանոցում»,- ասել է նա։ Օսիպյանը հայտնել է նաեւ, որ հոգեհանգիստը տեղի կունենա հինգշաբթի օրը երեւանյան եկեղեցիներից մեկում։ Նա չի նշել, թե որ եկեղեցում։ «Պետք է հասկանալ, որ ցանկալի է այնտեղ միայն մերձավորների եւ ընկերների ներկայությունը»,- ասել է նա։
Մարկ Սաղաթելյանը մահացել է այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր երեկ հեմատոլոգիայի ինստիտուտից սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում ախտորոշմամբ։
Մար Սաղաթելյանը հեռուտատեսային հաղորդավար էր, շոումեն, վարում էր մասսայական միջոցառումներ։ Ծնվել է 1971 թ. սեպտեմբերի 1- ին, 1988- ին ավարտել Մռավյանի անվան թիվ 25 դպրոցը եւ ընդունվել Երեւանի պետական բժշկական ինստիտոտ։ Ուսանողական տարիքներին ընդգրկվել է այն տարիներին КВН- ի ամենահայտնի թիմերից մեկում՝ ЕрМИ/Երեւանի բժշկական ինստիտուտ եւ երկու անգամ դարձել КВН- ի չեմպիոն։
Մարկ Սաղաթելյանը նկարահանվել է հայտնի «Մեր բակը» (1996թ.) եւ «Մեր բակը- 2 (1998) հայկական ֆիլմերում։