Հասարակություն

Ինչո՞ւ է արհմիությունը հայտնվել կիսամեռ վիճակում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանն այսօրվա ասուլիսում մեղադրանքների մի ողջ շարք էր պատրաստել կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հասցեին: Նա հիմնականում հենց անձի գործոնով է պայմանավորում այն կիսամեռյալ վիճակը, որում այսօր գտնվում են հայաստանյան արհմիությունները: Երբ երկրի աշխատավորները, ասենք, հասարակական տրանսպորտի վարորդները խնդիրների են բախվում, նրանց կողքին կանգնում են երիտասարդներն ու հասարակական կազմակերպությունները, սակայն ոչ արհմիությունները: Այնինչ՝ վերջիններիս գոյության իմաստը եւ օրենքով նրանց վերապահված դերը հենց աշխատողների կողքին կանգնելն է, ասում է Կառլեն Հարությունյանը։

Ժամանակին 24 ճյուղային կոմիտեներ, հանրապետական միություններ ունեցող կոնֆեդերացիան հզոր կառույց էր: Այն, սակայն, այսօր սպառել է իրեն: Արհմիութենական շարժը երկրում դադարել է, անդամակցության տեսանկյունից արհմիությունները 50%-ով նվազել են: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանը հստակ հայտարարեց` հենց կոնֆեդերացիայի նախագահի ձեռքով կառույցի մեծածավալ անշարժ գույքը փոշիացվել է, իսկ ճյուղային կոմիտեների ղեկավարները պարզապես վախենում են խոսել այս կամ այն հարցի շուրջ։

Ում են ուղղվում մեղադրանքները, եւ դեպի ուր են տանում խնդիրները: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամն իր մեղադրանքները հստակ ուղղում է մեկ անձի, ում անունը տալ չի խուսափում, եւ ում փոփոխության դեպքում դրական փոփոխությունների հույս ունի։ Այդ անձը կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանն է։

Կառլեն Հարությունյանը վստահեցնում է` արհմիության ներկայացուցիչների շարքում կան իր գաղափարները կիսողներ, սակայն նրանք խուսափում ու վախենում են խոսել ոչ միայն այս, այլեւ հասարակական այլ կարեւոր հարցերի շուրջ: Ու քանի որ ներքին խնդիրները ներքին ռեսուրսներով լուծել չի հաջողվում, ինքն էլ փորձում է նախ լրատվամիջոցներով հնչեղություն տալ հարցին, իսկ գույքի փոշիացման ահազանգով նաեւ գլխավոր դատախազություն է դիմել: Առանձնապես արձագանք չի եղել, եղածն էլ տարակուսանք է հարուցել։ Դատախազությունը պատասխանել է, որ ստուգումներ իրականացրել է, սակայն խախտումներ չի հայտնաբերել։

Մինչ, Կառլեն Հարությունյանի փոխանցմամբ, ասուլիսի, այսպես ասենք գլխավոր մեղադրյալը չէր ցանկացել ներկա լինել այսօրվա հանդիպմանը, թեմայի շուրջ իր տեսակետը հայտնեց նաեւ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Անձերի վրա սեւեռվել պետք չէ, սա համակարգային խնդիր է,  դրա համար էլ արհմիությունների ձայնը երբեք չենք լսում, ասաց նա։ Օրենքը ենթադրում է խնդրի լուծում, որը, սակայն, այդպես էլ չի գտնվում: «Օրենքը թույլ է տալիս ունենալ մեկից ավելի արհմիություն, բայց այսօր արհմիությունների ձայնը չկա»։

Փոքր ձեռնարկությունների աշխատողներից ընդվզում սպասել պետք չէ: Խոշոր ձեռնարկություններում կարող են ստեղծվել արհմիություններ, սակայն այդպիսի ձեռնարկություններն էլ խիստ փոքրաթիվ են: Ու դժվար է հավատալ, որ եթե նոր արհմիություններ ստեղծվեն էլ, ապա կմեկտեղվեն մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Ստացվում է, որ մինչ արհմիությունները կկարողանան աշխատողների շահերը պաշտպանել, դեռ պետք է արհմիությունների ներկայացուցիչների շահերը պաշտպանել:

Ցուցադրել ավելի
Back to top button