ԿարևորՀասարակություն

Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականը

Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր ընդունել է Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի պաշտոնից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից և խնդրանք է ներկայացրել Վեհափառ Հայրապետին հաստատելու այն։ Գերագույն հոգևոր խորհուրդը, որի նիստերը ատենապետում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը,  նաև ափսոսանք է հայտնել «հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված անհիմն գնահատականների առնչությամբ», հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

 

Այս հրաժարականը շատերը կապում են Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Նորվան արքեպիսկոպոսի միջեւ եկած լարված հարաբերություններով, ինչի մասին գրել էր «Nouvelles d’Arménie»  ամսագիրը։ Ամսագիրը նաեւ կարողացել էր ձեռք բերել Նորվան արքեպիսկոպոսի հրաժարական նամակը։

 

«Արդեն որոշ ժամանակ է, ինչ ես նկատում եմ, որ Ձեզ հաճույք է պատճառում ինձ նվաստացնելն  ու վարկաբեկելը: Իմ հասցեին Ձեր որակումները պարզապես հարուցում են իմ զարմանքը: Հավանաբար, Դուք չեք նկատում, որ ոտնատակ եք անում մարդկանց արժանապատվությունը: Վերջինը 2013թ. հունիսի 29-ի դեպքն էր: Շառլ դը Գոլի օդանավակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, դեսպան Վիգեն Չիթեչյանի, հոգեւոր եւ աշխարհիկ այլ անձանց ներկայությամբ Դուք ինձ վրա հարձակվեցիք հետեւյալ խոսքերով, որոնք սարսափ առաջացրեցին ինձ մոտ. «Եթե հայր Վաչե Հայապետյանին մինչեւ հուլիսի 1-ը պահակության պարտականությունեց  չազատես եւ եթե թեմը նրան չվճարի ամենամսյա աշխատավարձը, ապա անելիք չունես էջմիածնում»: Մի պահ ինձ կորցնելով, ես փորձեցի ստուգել լսածս եւ Դուք կրկնեցիք:  Նախորդ օրը ես արդեն շոկի մեջ էի Ձեր խոսքերից. «Հայր Վաչեի պարեգոտը իմ պատիվն է, եւ այն պետք է լինի նաեւ քո պատիվը եւ յուրաքանչյուր հայ հոգեւորականի պատիվը»:
Ձերդ Սրբություն,  ես ոչ ժամանակ, ոչ տրամադրվածություն ունեմ կառավարել անկառավարելի հոգեւոր սպասավորներին,  որոնք դաստիարակված են բիզնեսի հոգեբանությամբ: Եթե Հայ առաքելական եկեղեցու բարեկեցությունը ընդամենը հրահանգ է կամ կանոնադրություն, եթե նրա նպատակը միայն վարչական կարգուկանոնի ապահովումն է,  ապա Աթոռանիստ վանքում  բացակայում է  սերն ու երանությունը: Կցանկանայի, որ մեր Սուրբ եկեղեցին չշեղվի իր առաքելության բովանդակությունից»,- գրել էր սրբազան հայրը։

Ցուցադրել ավելի
Back to top button