ԿարևորՀասարակություն

Կարեն Անդրեասյան. Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում

ՄԻՊ աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որով մատնանշում է առողջապահության ոլորտի բացթողումներին.

«Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթ, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ:

Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշում է Կարեն Անդրեասյանը և մեկ անգամ ևս հիշեցնում, որ հավաստագիրը հանդիսանում է հիվանդանոցային հաստատության կողմից մատուցվող անվճար բժշկական ծառայությունների կազմակերպման հիմք: Այն պոլիկլինիկայի ուղեգրի և ծննդյան վկայականի հետ միասին ներկայացվում է երեխայի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացնող բուժհաստատություն, իսկ անհետաձգելի օգնություն պահանջող դեպքերում հոսպիտալացումը կարող է իրականացվել բժշկի եզրակացության հիման վրա:

Պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button