Կարևոր

Լիսաբոնի գործողությանը նվիրված միջոցառումների շարք` Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլու»
Ստեփանակերտ

1983 թվականի հուլիսի 27- ին հինգ հայ երիտասարդներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Արա Քրջլյանը, Սարգիս Աբրահամյանը, Սիմոն Յահինյանը պայթեցրին Լիսաբոնում թուրքական դեսպանատունը` մինչ այդ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ իրադարձություններին նվիրված միջոցառումների շարք է սկսվել Արցախում: Նախաձեռնությունը ՀՅԴ Արցախի կառույցինն է: Հուլիսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական պուրակում շատրվանները «պարում էին» ազգային երգ-երաժշտության տակ: Քաղաքապետարանի համաձայնությամբ այստեղ երեսնամյա վաղեմության իրադարձությունների մասին ֆիլմ ցուցադրվեց:

Պատմաբան Արմեն Սարգսյանը հիշում է 1983-ին, այստեղ Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խոնարհվելն իսկ արգելված էր, Սփյուռքում 1975 թվականից սկսած ընթանում էր մի պայքար, որի նպատակը աշխարհի քար անտարբերությունը պայթեցնելն էր: Պատմական հակաբևեռ ժամանակաշրջանները 2013 ի հուլիսի 27-ին գուցե թե նաև Ստեփանակերտի կենտրոնական պուրակում հանդիպեցին, որտեղ Ստեփան Շահումյանի արձանի հարևանությամբ Լիսաբոնի գործողության մասին ֆիլմ էին դիտում սփյուռքահայերն ու խորհրդային դաստիարակություն ստացած արցախցիները:

Ժամանակին հայ երիտասարդների կողմից թուրքական դեսպանատան պայթեցման և զոհվելու մասին շատ խոսվեց, գնահատականները տարբեր էին: Ոմանք դա խենթություն համարեցին, ոմանք՝ ահաբեկչություն, մյուսները՝ հայրենասիրություն: Խենթություն էր, հայրենասիրություն, բայց ոչ ահաբեկչություն, ասում է Արմեն Սարգսյանը` խոսելով ինչպես Լիսաբոնի, այնպես էլ հանուն ցեղասպանության ճանաչման իրագործված մյուս գործողությունների մասին:

«Լիսբոն հինգ»- ին այդ երեկո հայտնաբերեցին շատերը, հատկապես երիտասարդները, խոստովանում էին, որ խորհելու նյութ ստացան:

Ցուցադրել ավելի
Back to top button