Երեւանի քաղաքապետարանի մոտ պաշտոնյաների հրաժարական պատջանով նստացույցը շարունակվում է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Արդեն 4-րդ օրն է Երևանի քաղաքապետարանի առաջ նստացույց հայտարարած երեք երիտասարդները շարունակում են պայքարել և պահանջել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները: Մեքենան, որը շուրջօրյա կայանատեղի է գտել քաղաքապետարանի շենքի առջև, նախաձեռնության ակտիվիստ Վահագն Մինասյանի ժամանակավոր կացարանն է, բայց թե որքան կշարունակվի իր ժամանակավոր բնակությունը քաղաքապետարանի մուտքի մոտ, երիտասարդ ակտիվիստը դեռևս չի կարող ասել:
Հասարակական ակտիվիստներին օրվա ընթացքում այցելում են նախորդ ակցիայի բազմաթիվ մասնակիցներ, համախոհներ և պարզապես քաղաքացիներ, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում սննդի և ընպելիքների տեսքով, ինչու չէ նաև հոգեբանորեն: Ի դեպ՝ այս օրերին եղել են նաև միտումնավոր գործողություններ ընդդեմ ակտիվիստների, սակայն երիտասարդները սադրանքների չեն տրվում եւ ասում են, որ շարունակելու են պայքարը մինչև վերջ:
Ինչևէ, որքան հաճախակի են դառնում խոչընդոտները, այնքան համառ է դառնում ակտիվիստների պայքարը, և ինչպես տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարն ունեցավ արդյունք, այնպես էլ վստահ են, որ այս պայքարում ևս կհասնեն հաջողությունների: