ԿարևորՀասարակություն

Ավագանու լիազորությունները խեղված են. Ստյոպա Սաֆարյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկցաման վերաբերյալ քաղաքապետի որոշումից, դրա դեմ սկսված հասարակական բողոքից և վերջապես քաղաքապետի երկրորդ՝ նախորդը կասեցնող որոշումից հետո, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, մեկ հարց անպատասխան է մնացել. իսկ ո՞ւր է Երևանի ավագանին, ինչո՞ւ որևէ կերպ չի առնչվում հասարակական հնչեղություն ստացած խնդրին կամ. «Ինչպե՞ս է հնարավոր, որ քաղաքապետը ինքնագլուխ, անահատական որոշումներ կայացնի և ավագանին իր նիստում չքննարկի, չհաստատի կամ գոնե չանդրադառան դրանց»:

Օրենսդրությունն, ըստ Սաֆարյանի, Երևանի ավագանուն տալիս է քաղաքապետի գործունեությունն ու գործողությունները վերահսկելու իրավունք: Նաև լիազորություն է տալիս հաստատելու Երևանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքապետի կնքած պայմանագրերը: Սակայն կա մի «բայց», որը փոխել է ավագանու լիազորուևթյունների շրջանակը:

«Նախորդ ավագանին մի զավեշտալի արարք է թույլ տվել. ավագանու կանոնակարգը հաստատելիս այն հոդվածից, որում շարադրվում են, թե Երևանի համար կենսական նշանակության այդ որ պայմանագրերն է հաստանում ավագանին, դուրս է թողել հանրային ծառայությունների ոլորտը»:

Արդյունքում, ստացվել է այնպես, որ հանրային ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ Երևանի քաղաքապետի կնքած պայմանագրերը ավագանու վերահսկողության շրջանակից դուրս են: Ստեփան Սաֆարյանը սա ոչ թե պատահական, այլ միտումնավոր փոփոխություն է համարում, որի արդյունքն, օրինակ այն է, որ Երևանի ավագանին անհաղորդ է մայրաքաղաքում տրանսպորտի սակագնի փոփոխության որոշումներին:

«Արդյունքը սա է. ավագանու լիազորությունները փաստորեն խլված են»:

«Ժառանգությունը» ավագանու կանոնակարգում փոփոխություն կատարելու է առաջարկ է նախապատրաստում. աշնան մեր առաջին անելիքներից մեկը կլինի այն փոփոխության նախաձեռնումը, որ հանրային ծառայությունների ոլորտում քաղաքապետի կնքած պայմանագրերը նույնպես դառնան ավագանու քննարկման առարկա՝ ասաց Սաֆարյանը:

Նա փոխանցեց, որ «Բարև Երևանը» մտածում է նաև աշնանը Վերահսկիչ պալատի՝ քաղաքապետարանին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները քննարկման առարկա դարձնելու մասին: Այս առումով օրենսդրությունը ավագանուն որոշումներ կայացնելու իրավասություն տալիս է, սակայն մի «բայց» այս դեպքում նույնպես խանգարում է: Նախորդ ավագանին, ըստ Սաֆարյանի, որոշում է ընդունել, որով հողահատկացումներին առնչվող հարցերը նույնպես թողել է քաղաքապետի միանձնյա տնօրինությունը:

«Եվս մեկ խնդիր, որն ուղղակիորեն առնչվում է ավագանու խեղված դերակատարմանը և որը փորձելու ենք շտկել»:

Եվ վերջապես, «Բարև, Երևանի» ամենաթարմ նախաձեռնություններից մեկի մասին: Քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ձևավորել հանձնաժողով և դրանում ներգրավել ոչ միայն ավագանու անդամներին, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: «Բարև Երևան» խմբակցության անդամներին այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը, ի՞նչ կարգավիճակ ու լիազորություններ է ունենալու, որքանո՞վ է իրավասու լինելու որոշումներ կայացնել և ի՞նչ կարգավիճակ են ունենալու այդ որոշումները: Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ խմբակցությունը պաշտոնապես հարցումով դիմել է քաղաքապետին՝ ակնկալելով ստանալ վերոհիշյալ հարցերի պատասխանները:

«Քանի որ առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը , մենք պետք է իմանանաք, թե ինչի համար է ստեղծվում այն ՝ իմիտացիա ստեղծելո՞ւ, կասեցված որոշումներին նորից ուժ հաղորդելո՞ւ , թե՞ մեկ այլ բանի»:

Սաֆարյանը համոզված է, որ նման հանձնաժողովի լիազորություններն ու կարգավիճակը հստակ սահմանման կարիք ունեն: Իսկ եթե նպատակը տրանսպորտի ոլորտում առկա վիճակի ուսումնասիրությունն է, ապա, ըստ նրա, ավելի նպատակահարմար է ստեղծել ոչ թե քաղաքապետին կից գործող և խորհրդատվական գործառույթ ունեցող, այլ Երևանի ավագանու ժամանակավոր հանձնաժողով:

Ցուցադրել ավելի
Back to top button