Հասարակություն

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության
առաքելության ղեկավար Քերեն Հիլլարդին։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հուլիսի 29-ին կայացած հանդիպմանը նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ վերջերս ԱՄՆ-ում կայացած հայ բժիշկների հերթական` 11-րդ համագումարն արդյունավետ էր նաև Հայաստան-սփյուռք համատեղ ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։ Դերենիկ Դումանյանը մասնավորապես նշել է ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր- նախագահ Ռոջեր Օհաննեսյանի հետ մարզային ակնաբուժական կենտրոններ ստեղծելու ծրագիրը։ Նախարար Դումանյանը, բարձր գնահատելով ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող առողջապահական ծրագրերը, ընդգծել է, որ դրանք համահունչ են ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությանը։ Արդեն իսկ ՀՀ
կառավարությունը հաստատել է ֆինանսավորման նոր հայեցակարգը, համաձայն որի առողջության առաջնային պահպանման հիմնարկները 2014թ. հունվարի 1-ից կֆինանսավորվեն բժշկի մոտ բնակչության կցագրման հիման վրա։

Դերենիկ Դումանյանը նշել է, որ մոտեցումները նույնն են նաև երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության ուղղությամբ։ Այդ ոլորտը կարգավորելու նպատակով նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որն արդեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ առաջկցությամբ ինչպես այս, այնպես էլ ընտանիքի
պլանավորման ոլորտներում առաջիկայում լուրջ ձեռքբերումներ կարձանագրվեն։ Դեսպան Հեֆֆերնը բարձր գնահատելով նախարարության աշխատանքը, նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջինն
էր, ում հետ ԱՄՆ ՄԶԳ սկսեց աշխատել ուղղակի, այլ ոչ թե առանձին կազմակերպությունների միջոցով։ Եվ ծրագրի հետագա ֆինանսավորման հիմնական փաստարկ ընդունվել է նախարարության վստահելի գործընկեր լինելու հանգամանքը: Դեսպանը ևս հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում նկատելի ձեռքերումներ կարձանավրգեն։ ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Քերեն Հիլլարդը նույնպես ընդգծել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում աշխատելու երկարատև փորձառություն ունեցող Յունիսեֆ-ի հետ ուղղակի աշխատանքն ավելի նպաստավոր կլինի ոլորտի կարիքներին համահունչ տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու գործում։ Նա ներկայացրել է առաջիկա երեք տարիների համագործակցության համար անհրաժեշտ մի շարք պայմանները, ինչպես նաև ակնկալվող բարձր արդյունքները։

Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել համագործակցությունը շարունակելու համար և հավաստիացրել, որ բոլոր ծրագրերն առաջիկայում մանրամասն համատեղ կքննարկվեն, և նախարարությունը հնարավոր ամեն ինչ կանի դրանց բարձր մակարդակով իրականացման համար։

Ցուցադրել ավելի
Back to top button