Քաղաքական

Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Բարև Երևանի» տարածած հայտարարությունից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ս.թ. հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երևան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետև՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում:

Խորհրդակցության ժամանակ որևէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով պարզաբանել.

1. «Ի՞նչ կարգավիճակ և ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,
2. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջև,
3. իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,
4. ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները և ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,
5. որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրև Երևանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:

Ցուցադրել ավելի
Back to top button