Հասարակություն

Աղանդավորական կազմակերպություններում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ամառային արձակուրդների հանգիստը խաթարեց լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ Հանքավանի Շողիկ ճամբարում 13-20 տարեկան շուրջ հարյուր անչափահասների պոռնոգրաֆիկ նյութեր են ցուցադրել սեռական դաստիարակության քողի ներքո: Ստեղծված աղմուկից հետո հայ ավետարանական եկեղեցու հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանը դիմել է ԱԱԽ, այնուհետև ՀՀ արդարադատության նախարարություն: Արդյունքում նախարարությունը կոչ է արել դադարեցնել նմանօրինակ գործունեությունը: Իսկ Արմեն Միքայելյանին, ով Ավետարանական եկեղեցու Արագածոտնի մարզի հովիվն էր, և նրա ընտանիքի անդամներին Ավետարանական եկեղեցու ղեկավարությունը ազատել է աշխատանքից:

Միքայելյանն այս առիթով այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, թե իր ազատումն անօրինական է: Միքայելյանը նաև աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ, թե Ավետարանական եկեղեցում կան աղանդակերպ գործողներ ու իր տարակուսանքը հայտնեց` ինչու այդ առիթով չկա Մայր Աթոռից որևէ արձագանք։

Ավետարանական եկեղեցու հովվի դժգոհությունները ոչ միայն չկիսեց, այլեւ վերջինիս համար դժգոհության նոր առիթ ստեղծեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի հայտարարությունը: «Վհուկների որս». այսպես բնորոշեց նա միջադեպը ու հերթական անգամ հայտարարեց` աղմուկի կենտրոնում հայտնված Ավետարանական եկեղեցին, որի ներկայացուցիչն այսօր պահանջում է պաշտպանել իր իրավունքները, արհամարհում է մեր պետական մարմիններին, խուսափում բոլոր հարցերից: Նույն ավետարանական եկեղեցին գործում է աղանդակերպ: Բարեգործական ծրագրի ներքո մարդկանցից շարունակում է գումարներ հավաքել և այլն: Ավելին` Ավետարանական եկեղեցու երբեմնի հետնորդներն իրենք էլ, զգալով իրենց խաբված լինելը, անգամ դատարան են դիմել:

Գյումրիում, Եղվարդում ընթանում են դատական գործեր ընդդեմ Ավետարանական եկեղեցու: Աղանդավորներն էլ իրենց հերթին են բողոքում, մասնավորապես, ՊԵԿ-ի դեմ,  ասում, թե իրենց գրականության մաքսազերծումն ավելի թանկ գներով է կատարվում: Ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական  կենտրոնի տնօրենի` պետք է ընդհանրապես արգելել այդպիսի գրականության մուտքը մեր երկիր։

Հայաստանում 2011 թվականի տվյալներով գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, գերակշիռ մասը` աղանդավորական: Ամարյանն այդպիսին է համարում բոլոր այն կազմակերպությունները, որոնք փակ են, ոչ մի տեղեկություն չկա նրանց գործունեության, նպատակների վերաբերյալ: Թեեւ անընդհատ շեշտվում է, որ Հայաստանում ամեն ոք խղճի, դավանանքի ազատություն ունի, սակայն Ամարյանը հայտարարեց, որ այդ կազմակերպություններում խախտում են մարդու հիմնարար երկու իրավունք. աղանդավորական կառույցներում ընդգրկված մարդիկ, միանշանակորեն ենթարկվելով ղեկավարությանը, կորցնում են ընտրության եւ տեղեկատվության իրավունքները: Եհովայի վկաներից ավելի վտանգավոր շուրջ 50 աղանդ կա Հայաստանում, որոնք թաքնված գործունեություն են  վարում, ասաց նա։

«Աղանդները գեղեցիկ գաղափարներ, սեր են քարոզում՝ չբացահայտելով, թե դրանով ինչ նպատակ են հետապնդում»- ասում է նա: Ամարյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է` աղանդավորական շարժումների գործունեությունը Հայաստանում արդեն վտանգավոր է դարձել: Խնդրի հիմքում մեր օրենքն է, իսկ մեղավոր են բոլորը` հասարակության յուրաքանչյուր անդամ ու ոչ միայն եկեղեցին։

 

Աղանդավորական կազմակերպություններում ընդգրկված մարդկանց օգնություն ցուցաբերելը դժվար է, կենտրոնն անձամբ նրանց չէ, բայց ընտանիքներին օգնություն ցուցաբերել է: Աղանդավորներին ընդհանրապես վերականգնվելու համար 7 տարի  է պետք: Իսկ ամենալավ միջոցն աղոթելն է:

Back to top button