

ՀՀ նախագահի նախկին թեկնածու,ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը ճիշտ է որակված, նրանք մեղավոր են հանցանքը կատարելու մեջ: Այս մասին իր մեղադրական ճառում այսօր նշել է գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, մեղադրողը միջնորդել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում և դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ սպանության փորձ, իսկ Խաչատուր Պողոսյանին՝ 34-305-րդ հոդվածից բացի նաև 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք (այդ զենքով երկու կրակոցներ են արձակվել Պ.Հայրիկյանի վրա) և դատապարտել համապատասխանաբար 13 և 14 տարվա ազատազրկման:
Մեղադրողը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Խ.Պողոսյանի դեպքում առկա է հանցագործության ռեցիդիվ՝ նա դատապարտվել է ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով՝ Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, որը չի մարել, բացի այդ նա համաներմամբ ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածով՝ հանցագործությունը պարտակելը, պատիժը կրելուց: Ա.Ամիրզադյանը նշել է, որ երեք ամբաստանյալներն էլ ունեն անչափահաս երեխաներ:
Մեղադրող Արամ Ամիրզադյանի ճառին հաջորդել է տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի ճառը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը քաղաքական հանցագործություն է, նրա կրծքին արձակված կրակոցն ունեցել է սպանելու և ոչ թե վախեցնելու դիտավորություն: Այս մասին այսօր իր ճառում նշել է տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, եթե դատարանն ապացույցները գնահատելիս գտնի, որ մեղքն ապացուցված չէ կամ կան ակնհայտ հակասություններ, որոնք կարող են անդրադառնալ դատական ակտի վրա, թող դատարանն այն գնահատի ի նպաստ ամբաստանյալների: Ըստ Լ.Բաղդասարյանի, սակայն եթե ակնհայտ լինի, որ ամբաստանյալներն են հանցագործություն կատարողներն ու կազմակերպիչը, «պետք է գործի օրենքն իր ողջ խստությամբ», այդ թվում՝ բավարարվի քաղաքացիական հայցը: «Հայաստանի քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը պաշտպանում է իրեն հանցավոր ոտնձգություններից, իսկ ընտրություններից առաջ և հետո մահափորձերն ու վախի մթնոլորտ ստեղծողներն այսուհետ մեր հայրենիքում նմանօրինակ «գործերով» պետք է դառնան գործազուրկ»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:
Լ.Բաղդասարյանն ընդգծել է, որ տուժող կողմի ներկայացրած հատուցման գումարի՝ 43մլն. 424 հազար դրամ, պահանջը, ավելի քան քիչ է՝ հաշվի առնելով, որ տուժող Հայրիկյանի աջ ձեռքը հաշմվել է և որ երկրորդ վիրահատությունից հետո ոչ մի մասնագետ չի երաշխավորել, որ այն լրիվ ծավալով կվերականգնվի: Ավելին, ըստ տուժողի ներկայացուցչի, գործում առկա է Բրյուսելի Ձեռքի և վերին անդամի վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Անն Լեժանի մասնագիտական գրությունն, ըստ որի հետվիրահատական բուժումները կլինեն երկար և 2 տարի անց պարտադիր անհրաժեշտ է լինելու նոր վիրահատություն: