

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Պռոշյան համայնքի գյուղապետարանի 15 հոգանոց աշխատակազմի 13 աշխատակից այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանին: «Մեր քայլը մենք պատճառաբանում ենք նրանով , որ չունենք վստահության մթնոլորտ, գյուղապետի սպանության գործը բացահայտված չէ»,- ասում են նրանք։
Խոսքը Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության և մինչ այժմ դրա չբացահայտման մասին է: Աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանը, ով լրագրողներին ներկայացում էր աշխատանքից հրաժարվողների՝ այս քայլին գնալու դրդապատճառները, շեշտեց, որ իրենք նախկին գյուղապետի սպանությունը քաղաքական են համարում: «Մենք Հրաչ Մուրադյանի սպանությոան մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, բոլորս համոզված ենք, որ նրանք սպանել են, քանի որ գյուղապետ էր։ Այսինքն՝ մտածում ենք , որ մարդիկ կային, ովքեր ձգտում էին այդ աթոռին»։
Ըստ հրաժարական ներկայացրած աշխատակազմի քարտուղարի՝ իրենց անվստահությունը տարածվում է նաև նորընտիր գյուղապետի վրա: Իսկ հարցին, թե չկա՞ր բողոքն արտահայտելու այլ ձև, քան աշխատանքից հրաժարվելը, ազատվողների Մաթևոս Մուրադյանն արձագանքեց. «Ինչ է, սա ակցիա՞ չէ, բողո՞ք չէ, սա էլ բողոքի մեր ձևն է»: Իսկ ահա հարցին , թե արդյոք մտավախություն կար, որ նորընտիր գյուղապետն ինքն է աշխատանքից ազատելու նախորդ գյուղապետի թիմին, Մաթևոս Մուրադյանն այսպես արձագանքեց. «Մտավախության հարց չկա, վաղ թե ուշ բոլորին էր ազատելու էր»:
Որևէ մեկին չէի պատրաստվում հեռացնել աշխատանքից. սա արդեն Պռոշյանի նոր գյուղապետի վստահեցումն է: Աշխատակիցների զանգվածային հրաժարականի, գյուղապետարանում ստեղծված արտակարգ իրավիճակի մեկնաբանությունների հարցում Արթուր Մուրադյանը շռայլ չէր: Պռոշյանի գյուղապետն ասաց, թե ինքն էլեկտրոնային կայքերի միջոցով է տեղեկացել աշխատակազմի այս քայլի մասին, քայլը մեկնաբանել հրաժարվեց, բայց վստահեցրեց, որ հեռացողներին փոխարինողներ կգտնվեն:
«Իրենց հարցրեք, թե ինչու են ազատվում: Ես ասում եմ՝ ցանկություն ունեն, թող աշխատեն։ Ես չեմ պատրաստվում իրենց հեռացնել, իսկ եթե ցանկություն չունեն, գյուղում բազմաթիվ կրթված երիտասարդներ կան, իրենք կաշխատեն»,- ասում է գյուղապետը՝ ավելացնելով, որ պատրաստվում է աշխատել թերևս արդեն իր թիմով և «գործով արդարացնել պռոշյանցիների վստահությունը, որ ստացել է ընտրությունների ժամանակ»: Իսկ աշխատակազմի հետ հարաբերությունները հարթել ու լարվածությունը մեղմել փորձել է: «Ես մտել եմ խնդրանքով, ցանկություն եմ արտահայտել, որ եկել եմ ձեզ հետ աշխատեմ։ Դրանից ավելին չէի կարող անել»:
Ի դեպ՝ գյուղապետի նոր թիմի անդամներից առնվազն երկուսն արդեն հայտնի են: Նրանցից մեկը Արմենուհի Մելիքյանն է, ով, հիշեցնենք, Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո նշանակվել էր գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակումը, սակայն, պռոշյանցիների կողմից միանշանակ չէր ընդունվել և նա հրաժարվել էր պարտականությունների կատարումից: Այսօր Արմենուհի Մելիքյանը գյուղապետի աշխատասենյակում էր: Մեզ հետ զրույցում ասաց, որ աջակցում է Արթուր Մուրադյանին, պատրաստվում է աշխատել նրա հետ, իսկ գյուղում տեղի ունեցողը քաղաքական շահարկում է համարում:
Եթե աշխատանքից ազատվողները դժգոհում էին ներկա գյուղապետից, գործող գյուղապետը դժգոհում էր նախկին թիմից, ապա գյուղապետի աշխատասենյակի մոտ պռոշյանցի մի մեծահասակ կին էլ դժգոհում էր Պռոշյանում ստեղծված իրավիճակից. գյուղը միշտ հաշտ է եղել, հիմա երկու թշնամական ճամբարի է բաժանվել, ասում էր։
Հիշեցնենք, որ ապրիլի 2- ին Պռոշյանի գյուղապետարանի մոտ սպանվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Հուլիսի 14-ին Պռոշյան գյուղում անցկացվեցին գյուղապետի արտահերթ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին հանրապետական Արթուր Մուրադյանը, դաշնակցական, բայց ինքնառաջադրված Վովա Սահակյանը, ով ձայների փոքր տարբերությամբ պարտվեց հանրապետական թեկնածուին։