ԿարևորՔաղաքական

Շարժումը չպետք է թուլացնել, ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ժողովրդի մոտ սկիզբ առած շարժումը չպետք է թուլացնել, ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ փորձը, մասնավորապես տրանսպորտի սակագների բարձրացման դեմ, վերջին ընդվզումները փաստում  են` երիտասարդությունը կարող է ու ստեղծել է նոր միջավայր: Նա սա համարում է մեծագույն շանս, որն ամրապնդում են ազատամարտիկները` համատեղ փորձելով կերտել անկախ Հայաստան և, Մանուչարյանի ձեւակերպմամբ, «երկրի տիրոջ համակարգ»: Այս համակարգը լինելու է պետական և կուսակցական համակարգին պարտադրող։

Արդեն մեկ տարի է՝ տարածաշրջանը վայրիվերումների մեջ է, նկատում է Մանուչարյանը և մեզ սպասվելիք ավելի լուրջ մարտահրավերներ կանխատեսում: «Հայաստանն այսօր արտաքին ազդեցությունների տակ է, և «երիտասարդական» այս հաղթանակը կամ, նրա ձեւակերպմամբ, հուլիսյան ճեղքման այս փորձը կարող է հնարավորություն տալ իրապես անկախ Հայաստան ձևավորել: «Եթե այսօր պետական պաշտոնյան արտաքին ազդակներին ուզում է ասել «ոչ», ապա հստակ պետք է իմանա, որ իր թիկունքում ժողովուրդ ունի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` չկիսելով կարծիքները, թե ներքին ընդվզումները իշխանության կազմած սցենարն են:

Նման պայքարն է նա համարում լուծում այն դեպքերի համար, երբ երկրի ղեկավարը փորձում է մանեւրել, երբ նախարարը փորձում է ասել «ոչ» կամ երբ մեկ այլ պաշտոնյա փորձում է խուսափել պատասխանատվությունից: Երկրի ներսում ունենանով տնտեսական ու սոցիալական խնդիրներ` Հայաստանն այսօր խրթին խնդիրներ ունի նաեւ իր արտաքին քաղաքականության օրակարգում, նկատում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամն ու ընդգծում` պետք է աշխատել Եվրոպայի հետ: Այդ Եվրոպան Եվրամիության հետ կապ չունի: Ավելին, ըստ բանախոսի, պետք է զգուշանալ Եվրոպական Միությունից:

Սեփական այս համոզմունքի վրա հիմնվելով` Մանուչարյանը հակադրվում է նաեւ  Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Խոսելով Եվրամիություն կամ Եվրասիական Միություն դժվար ընտրությունից, որի առջև այսօր կանգնած է Հայաստանը, նա նկատում է` երկու դեպքում էլ այդ համակարգերը սեփական գաղափարներ չունեն, ու դրանց գաղափարը կրողները նույն «կլիշեներով» են աշխատում:

Back to top button