ԿարևորՀասարակություն

Ուսանողները բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ պայքար կձեռնարկեն

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Տրանսպորտի սակագների բարձրացումը կասեցնելու որոշումից հետո հասարակության լայն զանգվածներն այժմ էլ շարունակում են իրենց պայքարը, որպեսզի որոշումը վերջնականապես հաստատվի: Սրան զուգահեռ մի շարք երիտասարդներ խոստանում են այսօրվանից ձեւավորել պայքարի նոր ուղղություն` այս անգամ ուսումնական նոր տարում սպասվող ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Նոր նախաձեռնության մասնակիցներն այսօր հանդիպել են լրագրողներին ու մանրամասնել` ինչպես եւ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել:

Հասարակական բողոքի ալիքն այժմ տեղափոխվում է նոր հարթություն: Առջեւում նոր ուսումնական տարին է` ուսման վարձի նոր սակագներով: Հայաստանյան մի շարք պետական բուհեր նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշել են ուսման  վարձավճարները բարձրացնել մինչեւ 30 տոկոսով` պատճառաբանելով` տարիներ շարունակ այն ցածր է եղել ու խոստանալով` դա կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Տրանսպորտի սակագների բարձրացման որոշումն առկախելը նոր հույս է ներշնչել հասարակության հատկապես երիտասարդ շրջանակներին: Մի խումբ երիտասարդներ միավորվել են` բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ նոր պայքար ձեռնարկելու նպատակադրմամբ:

Հանրային խորհրդի երիտասարդական թևի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն այսօր հայտարարեց` իրենք մտադիր են դիմել բոլոր բուհերի ուսխորհրդի նախագահներին՝ առաջարկելով իրենց միանալ և առաջարկությունների փաթեթ ստեղծել: Արդեն ստացվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահի համաձայնությունը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս թեմայով խոսելիս ավելի վաղ ինքն էլ էր դժգոհել` ինչ անում ենք, քննադատում եք:
Երիտասարդներին բարկացնում է, որ հենց Կրթության եւ գիտության նախարարի հայտարարությունն ու խոստումը չեն համապատասխանում իրականությանը: Արմեն Աշոտյանը նախապես հայտարարել էր, որ վարձավճարները բարձրանալու են 20-ից 100 հազար դրամով, այնինչ արդեն հինգ բուհում դրանք բարձրացվել են 100-200 հազարով: Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակտիվիստ Ռուբեն Ալանեկյանը կրթության ոլորտի թանկացումը չի տարանջատում մյուս թանկացումներից: Ակտիվիստ Ռուբենը միֆ է համարում կրթության ոլորտի բարեփոխումները: Նա հակված է կարծել, որ այն գումարները, որոնք վճարում են ուսանողները, չեն նպաստում գիտության զարգացմանը, այլ ուղղվում են կոնկրետ մարդկանց գրպաններ:

Ըստ նրա` ուսման վարձը բարձրացնելու փոխարեն նախ պետք է մտածել, թե ինչու են այսօր բոլոր բուհերը ծայրից ծայր կուսակցականացված: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կիսում է մտահոգությունները` սա հայ ընտանիքների ուսերին ծանրացող նոր բեռ է:
Պայքարի ինչ միջոցների են պատրաստվում դիմել երիտասարդները: Տարբերակներից առաջինը դասադուլներն են: Դրան զուգահեռ` մեկտեղելով ջանքերը` երիտասարդները պատրաստվում են կրթության ոլորտի վերաբերյալ առաջարկների իրենց փաթեթը կազմել եւ ներկայացնել կառավարությանը: Առաջարկների այդ փաթեթի առանցքում լինելու են ցածր վճարները ու բարեփոխումներին սեփական մոտեցումները:

Հիշեցնենք` ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարների նախկին նվազագույն շեմը 300 հազարից դարձնել 400 հազար դրամ: Տնտեսագիտական համալսարանում, օրինակ, վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի (965-1250 դոլար) սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով: Այսուհետ տարեկան 600 հազար դրամի փոխարեն ապագա երաժիշտները կվճարեն տարեկան 700-800 հազար դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button