ԿարևորՄշակույթ

«Որսորդ» ֆիլմը շարունակում է իր արշավը միջազգային կինոփառատոններով

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արա Արուշանյանի «Որսորդը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը հրավեր է ստացել 20-ից ավելի միջազգային կինոփառատոններից, որից առաջինը` հեղինակավոր Կաննի 66-րդ կինոփառատոնի արատամրցույթային ծրագիրն էր: 18-րոպեանոց «Որսորդ» ֆիլմը շարունակում է իր արշավը միջազգային կինոփառատոններով: Իր ոճով սա և դրամա է, և առակ, և, կինոյի լեզվով ասած, էկշն: Թեպետ ֆիլմի գործողությունը ծավալվում է մեր օրերում, հերոսները շփվում են չափածո խոսքով: Սցենարի հեղինակ և բեմադրիչ ծնունդով արցախցի Արա Արուշանյանը, կամ ինչպես ճանաչված է, Արա Արուշը, խոստավանեց, որ շեքսպիրյան ոճը հանկարծակի ի հայտ եկավ այս ֆիլմում:

«Անկեղծ ասած ես հատուկ չեմ նստել և գրել բանաստեղծական երկխոսությունները, ես չունեի նպատակ գրել բանաստեղծական սցենար: Մի օր նկատեցի, որ, չնայած Շեքսպիրյան ստեղծագործությունները, ամենայն ազնվությամբ, չեմ կարդացել, իմ կամքից անկախ ստացվում է սահուն բանաստեղծական պիես»:

Ինչպես պարզվեց, մի ամբողջ տարի բեմադրիչը տանը և ընկերների հետ շփվում էր չափածո խոսքով: Եվ արդյունքում եղավ «Որսորդը»: Ինչպես «Որսորդը» հայտնվեց Կաննում, հարցրեցինք Արա Արուշին և նրա տիկնոջը` Աննային: «Ստացվեց այնպես, որ չնայած իմ համոզվածությանը, որ «Որսորդը» Կաննի փառատոնի համար չէ, կինս` Աննան և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ովքեր այս ֆիլմի դերասաններից էին նաև, ինձնից գաղտնի, այն ուղարկեցին Կանն»:

Բառացիորեն դա դիմումների ընդունման վերջին օրն էր, երբ ուղարկեցինք մեր հայտը, և արդեն հաջորդ օրը մենք ստացանք հրավեր Կաննից: Փաստորեն մեկ օրում որոշում կայացվեց, ինչը մեր համար անսպասելի էր և հաճելի. Այժմ «Որսորդը» մասնակցում է Հնդկաստանում անցկացվող Ասիական կինոփառատոնի եզրափակչին, որը տևելու է մինչև նոյեմբեր:

Ինչևե, սա Արուշի առաջին գեղարվեստական ֆիլմն էր, մինչ այդ նա նկարել է տարբեր տեսահոլովակներ: Իսկ կինոյի հետ ծանոթությունը տեղի ունեցավ անցյալ դարի 80-րի վերջին-90-րի սկզբին Արցախում, շնորհիվ նվեր ստացած տեսախցիկի: Արցախյան պատերազմի մասին պատանու նկարած վավերագրական ֆիլմը խորթ հայրը վաճառեց օտարերկրյա հեռուստաընկերություններից մեկին 15 հազար դոլլարով: Արան անձամբ մասնակցել կռիվներին և լքել է հայրենիքը Շուշիի ազատագրման նախօրեին: Այսօր Արան աշխատում է «Վերադարձ» լիամետրաժ ֆիլմի վրա:

«Այդ ֆիլմը բեկում կհանդիսանա հայկական կինեմատոգրաֆիայի համար: Այն կցուցադրվի ԱՊՀ և եվրոպական երկրներում: Վերադարձը ` դա մի գետ է, որը բաժանում է մեր և նրանց երկու գյուղերը, որոցում ապրող երկու դեռահասները մի օր հանդիպելու են կռվի դաշտում` որոշելու սեփական ճակատագիրը»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button