Հասարակություն

«Սա բողոք չէր, այլ՝ անհնազանդություն»,- ասում է երաժիշտը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը, ապա դա կասեցնելու որոշումը ոչ թե ժողովրդին փոքրիկ հաղթանակ նվիրելու սցենար էր, այլ արհամարհանքի դրսևորում հասարակության նկատմամբ, կարծում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Գների բարձրացումն, ըստ նրա, ծրագրված էր, իսկ դրա դեմ պայքարը` ինքնաբուխ: Գնաճի դեմ պայքարը երբեմն անօգուտ է ու անհնար, ուստի, ըստ Ազատ Արշակյանի, հարկավոր է ինդեքսավորել գործողությունները, այսինքն՝ ոչ թե պայքարել գների բարձրացման դեմ, այլ դրան զուգահեռ բարձրացնել նաև մարդկանց եկամուտները, աշխատավարձը, թոշակը, կրթաթոշակը: Ինչո՞ւ բողոքի ալիքը ծայր չառավ գազի, էլեկտրաէներգիայի թանկացումից հետո, այն դեպքում, երբ դա հարվածում է ժողովրդի գրպանին ողջ հանրապետությունով մեկ: Ազատ Արշակյանի դիտարկմամբ` բողոքի հիմքում ամեն դեպքում մեր արժանապատվության խնդիրն էր, որը թեւ առավ շարունակ հերքվող, սակայն, այնուամենայնիվ, անակնկալ կերպով կայացված որոշումից հետո։

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ չնայած մեր իշխանություններին հաջողվեց ընտրությունները հաջող անցկացնելու տպավորություն ստեղծել, սակայն դրա դիմաց խոստացված արտաքին օժանդակությունն է ուշանում: Հովհաննիսյանը հիշեցրեց` ինքը դեռ երկու ամիս առաջ ասում էր, որ իշխանությունը փորձելու է կառավարվող ընդվզումներ, ղեկավարվող քաոս առաջացնել, որպեսզի ստանա ակնկալվող աջակցությունը: Միաժամանակ՝ քանի որ Հայաստանն այս շրջանում դեպի Եվրամիություն կարեւոր քայլերի շեմին է, այստեղ ծավալվող սոցիալական բունտը կարող էր լրջորեն խանգարել:

Քաղաքագետների միության նախագահը տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարը համարում է քաղաքական` չնայած հակառակ պնդումներին: Եթե շարժումը սոցիալական է և արտահայտում է հասարակության հիմնական մասի կարծիքը, ուրեմն քաղաքական շարժում է, կուսակցական չէ, պարզաբանում է նա: Միաժամանակ՝ Հմայակ Հովհաննիսյանը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է կանխատեսում քաղաքապետի այն ծրագրերում, որոնցով խոստացվում են արտոնություններ սոցիալական խավերի համար: Նա դոտացիաներն էլ է անընդունելի համարում ու նոր ռիսկեր կանխատեսում։

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն անհեթեթություն է համարում քաղաքապետարանի՝ տրանսպորտի գինը բարձրացնելու և ապա կասեցնելու որոշումը։ Արվեստագետի համար այն բացատրությունը, թե` եթե լավ սպասարկում եք ուզում, պետք է շատ վճարեք, անեկդոտ է հիշեցնում։ Երաժիշտն այսօր չխուսափեց անգամ կոշտ բնորոշումներից: Շեշտեց` մեզանում անհեթեթությունը դարձել է սովորական բան։ Այսպես էր նաեւ այս դեպքում: Որոշումն ընդունում են, հետո փորձում քննարկել կամ հիմնավորել ու պարզաբանել: Ժողովրդին առաջարկում ու նույնիսկ պարտադրում են մի բան, որը նրա ոչ սրտով է, ոչ էլ գրպանին համապատասխան։ «Սա բողոք չէր, այլ անհնազանդություն էր»,- հստակեցրեց Արտավազդ Բայաթյանը։

Ու թեեւ իշխանությունն ընդառաջ գնաց տրանսպորտի սակագները չբարձրացնելու համատարած պահանջին, սակայն բանախոսները սա հարցի լուծում չեն համարում` հիշեցնելով` թանկացման որոշումը դեռ ընդամենը կասեցված է, ինչը զգոնության ու ուշադրության նոր կենտրոնացում է պահանջում։

Back to top button