ԿարևորՀասարակություն

Պահանջում են պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ու «Երևան տրանս» ՓԲԸ տնօրենին

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելու մասին հայտարարությունից «ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում»։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ Երեւանի քաղաքապետն ու որոշման կայացանը մասնակցած բոլոր պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Քաղաքացիներին պետք է կրած վնասի փոխհատուցում «հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ»։ Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ «վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը»:

Անդրադառնալով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին, «Վճարում ենք 100 դրամ»- ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին»։
Ակցիայի կազմակերպիչները նաեւ քաղաքային տրանսպորտի վիճակի բարելավման իրենց առաջարկներն են ներկայացրել

  • Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
  • Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
  • Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
  • Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:
Ցուցադրել ավելի
Back to top button