Հասարակություն

Անգամ եթե անվճար դառնա ավտոբուսը՝ հաշմանդամի համար մեկ է

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Եթե անգամ հասարակական տրանսպորտը  հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար դառնա, միևնույնն է ՝ նրանք չեն զգալու դրա ազդեցությունը, քանի որ տրանսպորտից պարզապես չեն օգտվում, այսօր ասել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արեմն Ալավարդյանը: Մոտ երկու տարի առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես եկավ. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և  հաշմանդամների  երթ կազմակերպեց դեպի Երևանի քաղաքապետարան՝ փորձելով ապացուցել, որ  Հայաստանում  ոչ հասարակական տրանսպորտը , ոչ էլ շենքերն ու շինությունները մատչելի չեն սահմանփակ կարողություններով մարդկանց համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանն ասում է, որ բողոքի այդ ակցիայից երկու տարի անց էլ որևէ բան չի փոխվել, թեև խոստումները  շատ են  եղել: «
Նույնիսկ այն ժամանակ մենք քաղաքապետարանից խոստումներ ստացանք, որ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, որ պետք է ներկրվեն նոր ավտոբուսներ։ Տեսնում եք՝ ոչինչ չի փոխվել: Ավելին՝ այժմ խոսվում է արտոնությունների  համակարգ մշակելու անհրաժեշտությամն մասին: Սա ցինիզմ է, ի՞նչ արտոնության մասին կարող է խոսք գնալ, երբ հաշնամդամը պարզապես չի կարողանում օգտվել տրանսպորտից»:

«Ունիսոն» կազմակերպության նախագահն էլ հիշեցնում է, որ հաշմանդամների համար  ուղեվարձը լինի 100, թե՝ 150 դրամ,  կրկնակի է, քանի որ նրանք հասարակական տրանսպորտից եթե օգտվում են, ապա դա անում են ուղեկցողների հետ: Արմեն Ալավերդյանը կարծում է, որ երթուղային գծերի բոլոր մրցույթների համար պետք է պարտադիր պայման դարձնել   հարմարեցված փոխադրամիջոցների որոշակի տոկոս ապահովելը։ 
«Թե ինչ տոկոս, քննարկելու հարց է, բայց որ օրենքով դա պետք է ամրագրվի, ինձ համար միանշանակ է»,- ասում է նա։

«Աշխարհն առանց արգելքների»  հասարակական կազմակերպության նախագահն էլ կարծում է,  որ խնդիրը կարգավորելու համար ոչ թե օրենսդրական փոփոխություններ, նոր որոշումներ ու կարգեր են պետք,  այլ անհրաժեշտ է գործի դնել արդեն եղածները:

Ի դեպ՝ Երևան քաղաքի այս տարվա բյուջեով  մոտ  20 մլն դրամ ծրագրվել է տրամադրել փոխադրամիջոցները հաշմանդամների կարիքներին հարմարեցնելու համար անհրաժեշտ  սարքավորումներով համալրելուն:  Խոսքն այսպես կոչված հատուկ վերելակների մասին է, որոնք նախատեսվում է  տեղադրել թվով 10 ավտոբուսներում: ՄԻՊ գրասնեյակի՝ ինչու մինչ այժմ չեն տեղադրվել հարցին , քաղաքապետարանում պատասխանել են, որ Չինաստանի կառավարությունից որպես նվիրատվություն ստացած ավտոբուսները նախորդ տարվա ընթացքում եղել են երաշխիքային սպասարկման շրջանի մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button