Կարևոր

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել ֆինանսական օժանդակություն հատկացնել ԼՂ-ին` «նախորդ տարիների օգնության չափով»

ԱՄՆ-ի Սենատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի վերին պալատն է) արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ ձայների 23 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2014թ. ֆինանսական տարվա  Օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի սեփական տարբերակը, որում կոչ է արվում օգնություն տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America) մամուլի ծառայությունը, օրինագծին կից հաշվետվությունում Հանձնաժողովն առաջարկում է «նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղին հատկացված գումարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել ԼՂ-ին՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հակամարտությունից բխող կարիքները հոգալու համար»: Հանձնաժողովականները նաև ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Հայ դատի հանձնախումբը հավելում է, որ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի օրինագծում Հայաստանին, ինչպես նաև հարավկովկասյան մյուս երկրներին հատկացվելիք ֆինանսական օգնության հստակ չափը չի նշվում: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Մարկ Քիրքին և Պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովում և հանձնաժողովում նրա գործընկերներին 2014թ-ի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծն ընդունելու և դրանում նախորդ տարիների օգնության չափով Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օժանդակություն տրամադրելու անհրաժեշտությունը կարևորելու համար-հայտարարել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:-Օրինագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնության ծրագիրը կարևորելը մեծ նշանակություն ունի՝ հատկապես արտաքին հատկացումների կրճատումների համատեքստում»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նաև մտահոգություն է հայտնել, որ փաստաթղթում հանձնաժողովն առաջին անգամ չի հստակեցրել Հայաստանին հատկացվելիք օգնության չափը: «Միաժամանակ մեզ մտահագում է այն, որ Օտարերկրյա օգնության օրինագծի Սենատի տարբերակում, ինչպես որ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի օրինագծում, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ մատնանշված չէ Հայաստանին հատկացվող օգնության հստակ չափը»,-հայտարարել է Համբարյանը:

Նշենք, որ երեկ տեղի էր ունեցել Կոնգրեսի վերին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հանձնաժողովականները հավանության էին արժանացրել Օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի իրենց տարբերակին… Այդ փաստաթղթում ևս կոչ էր արվում նախորդ տարիների ֆինանսական օգնության չափով գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, սակայն, այստեղ էլ հստակեցված չէր:

Վերոհիշյալ օրինագծերն այժմ պետք է քննարկման դրվեն համապատասխանաբար Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Դրանից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագծերում առկա տարբերությունները համաձայնեցնելու համար ստեղծվելու է համաձայնեցնող հանձնաժողով, որի ընդունած նախագիծը նորից քվեարկության է դրվելու Կոնգրեսի երկու պալատներում և հավանության արժանանալուց հետո ներկայացվելու է նախագահ Բարաք Օբամայի ստորագրմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 2013թ. ապրիլին օրենսդիր մարմին՝ Կոնգրես ներկայացրեց 2014թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում ինչպեսև նախորդ տարիներին նախատեսվում էր օգնություն Հայաստանի համար: ԱՄՆ-ի նախագահը, մասնավորապես, օրենսդրին առաջարկել էր 2014 թ-ին Հայաստանին տրամադրել մոտ 31 մլն ամերիկյան դոլար օգնություն: 2014թ. բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին խոսք չկար, սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (ՄԶԳ)  վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին տարեկան 2 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրում:

Ցուցադրել ավելի
Back to top button