ԿարևորՀասարակություն

Տարոն Մարգարյանը հատուկ հայտարարությամբ կդիմի երեւանցիներին(Ֆոտո)

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գործադիրի այսօրվա հերթական նիստին զուգահեռ կառավարության շենքի բակում բողոքի ակցիա են անցկացրել «Վճարենք 100 դրամ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջել են, որպեսզի հասարակական տրանսպորտի բարձրացված սակագների վերանայման իրենց պահանջագիրը քննարկվի հենց այսօրվա նիստում: Նրանց բարձրացրած հարցերին արդեն կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հիմնական ասելիքը թողել Երեւանի քաղաքապետին` խոստանալով` Տարոն Մարգարյանն այսօր ի մի կբերի բոլոր բողոքներն ու հաշվարկները եւ հատուկ հայտարարությամբ կդիմի երեւանցիներին: Լրագրողները նիստից առաջ ու հետո էլ փորձել են վերջին օրերի ամենաարդի հարցերին պատասխաններ փնտրել:

Հասարակական տանսպորտի սակագների դեմ պայքարի ակցիայի անդամներն այսօր կառավարության շենքում հավաքվել էին ավելի վաղ, քան կսկսվեր գործադիրի հերթական նիստը: Պահանջը նույնն էր` վերանայել բարձրացված սակագները, ավելի կոնկրետ` վերադառնալ նախկին ցածր սակագներին` խնդիրը հենց այսօր ներառելով քննարկվելիք օրակարգային հարցերում:

Հասարակական լայն հնչեղության հարցերը հենց հասարակական լայն քննարկման դնելն անհրաժեշտ, սակայն բավարար չէ, արդեն կառավարության նիստի հենց սկզբում հայտարարեց վարչապետը: Գների բարձրացման շղթայում տրանսպորտի սակագների ավելացման օղակի շուրջ վերջին օրերի աղմուկն ու բողոքը Տիգրան Սարգսյանը ինքնաբուխ շարժում է համարում, ընդունում այս մղման սոցիալական դրդապատճառները, նաեւ նկատում, որ որոշ կուսակցություններ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: Պետական որոշումներ կայացնելիս հասարակության կարծիքի հետ հաշվի նստելը վարչապետն անհրաժեշտ է համարում, սակայն շեշտում, որ այսուհետ պետք է այսպես լինի: Արդյոք հաշվի նստելը չի տարածվում այս` արդեն կայացված որոշման վրա: Հարցի պատասխանը չհնչեց, սակայն Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքից մի բան պարզ դարձավ` «Տարոն Մարգարյանն այս պահին ավագանու կուսակցական խմբակցությունների հետ քննակումներ է անցկացնում: Ի մի բերելով բոլոր առաջարկները, հարցադրումները, առաջարկները` այսօր Երեւանի քաղաքապետը հրապարակային հայտարարությամբ կդիմի Երեւանի բնակչությանը` տալով բոլոր պարզաբանումներն ու իրազեկելով առաջիկա անելիքների մասին»:

Որքանով Երեւանի քաղաքապետի առաջիկա հայտարարությունը կհանդարտեցնի բորբոքված կրքերը, դեռ հարց է: Տարոն Մարգարյանն այսօր կառավարության նիստին չէր մասնակցում, Ինչպես Կամո Արեյանը տեղեկացրեց` քննարկումների էր: Հասարակական տրանսպորտի սակագների խնդրի շուրջ լրագրողների հետ համաձայնեց զրուցել Տրանսպորտի եւ կապի նախարարը, սակայն նախապես շեշտեց` մայրաքաղաքային տրանսպորտին ու քաղաքապետին առնչվող հարցերից չի խոսելու, որ ենթատեքստերով վերնագրերում ու հոդվածներում իր անունը չհայտնվի: Որքանով են թանկացումները տարածվում միջմարզային տրանսպորտի վրա. Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին լրագրողները:

«Միջքաղաքային 170 երթուղիներից առավելագույնը 7-8-ի ուղեվարձի սակագնային փոփոխություն լինի՝ առավելագույնը 10-12%-ով: Մոտ 160 երթուղու սակագները հաստատ չեն բարձրանա: Միջքաղաքային երթուղիների սեփականատերերի հետ բանակցությունները շարունակվում են: Եթե կարողանանք այնպես անել, որ միայն 7-ից 8-ում բարձրանան սակագները, ապա բավական լավ կլինի»:

Որ միջմարզային փոխադրումներ իրականացնող որոշ գծատերեր արդեն շտապել են փոխադրման դիմաց չհիմնավորված ավելի գումար պահանջել, լրատվամիջոցներն արդեն ահազանգել են: Դրանցից ոմանց հանդեպ էլ արդեն տուգանքներ են սահմանվել: Մամուլում գծատերերի ով լինելը ներկայացնող ցուցակներ էլ հայտնվեցին: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին գրել` Տրանսպորտի եւ կապի նախարարն էլ է գծատերերի շարքում: Այսօր այս հարցն ուղղակիորեն ուղղվեց հենց նախարարին` արդյոք դուք եւս տրանսպորտային գծեր եք շահագործում` դրանք գրանցելով ձեր ազգականի անվամբ:

«Ընդհանրապես ես հորեղբոր տղա էլ չունեմ Համլետ Բեգլարյան անունով: Եւ ընդհանրապես` եթե մարդու ազգանունը Բեգլարյան է, դա չի նշանակում, որ նա Բեգլարյան Գագիկի բարեկամն է»:

Նիստի ավարտից հետո նույն տրանսպորտային հիմնախնդիրների շուրջ չզլացան խոսել Կրթության եւ գիտության ու արդարադատության նախարարները, թեեւ կառավարության նիստում 2 նախարարներն էլ ի պաշտոնե ոլորտային հարցեր էին զեկուցել: Հարյուր դրամից ավելի չվճարելու ակցիաներին չեն միացել, սեփական մեքենա չունեն էլ, որ միանան. շեշտեցին 2 նախարարներն էլ: Արմեն Աշոտյանի կարծիքով` այս բողոքը նոր հմայք է հաղորդել մեր քաղաքին:

Կառավարության օրակարգում շուրջ 3 տասնյակ հարց էր ընդգրկված: Մաքսային օրենսգրքում փոփոխությունները ենթադրում են քաղաքացուն 15 օրվա փոխարեն 1 օրում վերադարձնել ներկրված ապրանքը, եթե նույն քաղաքացին մաքսային վճարները կատարելիս թերացումներ ու խախտումներ է թույլ տվել:

Մեկ այլ որոշմամբ` Սեւանի ափամերձ տարածքներում անտառմաքրման աշխատանքները կվերահսկվեն հատուկ նորմատիվներով, որպեսզի հասկանալի լինի` տրամադրված ֆինանսներով արդյոք նախատեսված աշխատանքը ողջ ծավալով է իրականացվում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին մեկ այլ` ավելի վաղ ընդունված որոշում էլ բավարարել է բնապահպաններին, սակայն այժմ էլ հանքեր շահագործողներին է բարկացրել: Վարչապետը հորդորեց հարցը նորովի քննարկել:

Ցուցադրել ավելի
Back to top button