«Հին Էրիվանի» գործը նախադեպային է, ասում են փաստաբանները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Յունիբանկի» և «Հին Էրիվանի» միջև մոտ երկու տարի շարունակվող հակամարտությունը վարկային նախապատմություն ունի: Վեճն սկսվել է վարկային պարտավորություններից, իսկ այժմ վիճարկվում է դատական ատյաններում: Գործով մեկ վճիռ առաջին ատյանի դատարանն արդեն կայացրել է, վաղ սպասվում է նույն գործով Վերաքննիչի որոշումը:
Իսկ նախապատմությունը խիստ ընդհանուր գծերով հետևյալն է. «Յունիբանկի» և «Հին Էրիվան հոլդինգ»- ի միջև 2007 և 2008 թվականներին կնքվել են վարկային պայմանագրեր: Դրանցով բանկի կողմից ընկերությանը համապատասխանաբար 900 և 300 մլն դրամ վարկային միջոցներ են տրամադրվել: Ստացվել է այնպես, որ նույն վարկի համար մարման ժամանակացույցի երկու պայմանագիր է կնքվել՝ տարբեր ռեժիմներ սահմանող: Հիմք ընդունելով դրանցից առաջինը՝ բանկը պնդում է, որ վարկի մարումները կատարված չեն, հիմք ընդունելով արդեն երկրորդ պայմանագիրը՝ «Հին Էրիվանի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ բոլոր վճարումները ժամանակին արվել են:
«Խնդիրն այն է, որ կա պայմանագիր, համաձայն որի մենք մեր պարտավորությունները մարել ենք: Թե բանկը, թե դատարանը պնդում են, որ այդ համաձայնագրերը ստորագրված չեն, մինչդեռ՝ դրանց վրա կան երկու կողմերի կնիքներն ու ստորագրությունները»,- ասում է «Հին Էրիվան հոլդինգ»- ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյան : «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատիրոջ շահերը ներկայացնող փաստաբաններն այժմ էլ են պնդում, որ իրենց վստահորդը չի հրաժարվում վարկային պարտավորությունների կատարումից, բայց փորձում է դատական կարգով վերականգնել իր իրավունքն այն պայմանագրի նկատմամբ, որը հիմք չի ընդունվում բանկի կողմից:
Ի ապահովագրում բանկի հետ կնքված վարկային պայմանագրի՝ «Հին Էրիվան հոլդինգ»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը գրավադրել է Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի շենքը: Քանի որ, ըստ բանկի, ընկերությունը ժամկետանց պարտավորություններ ունի, սկսվել է գույքի բռնագանձման գործընթացը: Վերաքննիչ դատարան ներկայացված հայցով Մանվել Տեր- Առաքելյանի փաստաբանները փորձում են կանխել գույքի բռնագանձման գործընթացը:
«Իմ վստահորդի պնդմամբ, այո, այստեղ չկա իրավական գործընթաց, փոխարենը կա այդ շինությանը տիրանալու նպատակ»,- ասում է Կարինե Բաղդասարյանը, ով նույնպես ներկայացնում է «Հին Էրիվան հոլդինգ» -ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի շահերը: Փաստաբանը շեշտում է. վարկային պայմանագրերը կնքվել է «Հին Էրիվան» հոլդինգի եւ «Յունիբանիկի» միջեւ, մինչդեռ Մանվել Տեր-Առաքելյանը գրավադրել է իր սեփականությունը հանդիսացող շենքը, ստացվում է, որ բանկն առանց գրավի պայմանագրի բռնագանձում է տարածում Տեր-Առաքելյանի գույքի վրա:
Փաստաբանի կարծիքով ՝ խնդիրը քննության առնելով՝ առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգումների է եկել: Եթե նույն սխալը թուլ տա նաև Վերաքննիչը, ապա այն վտանգավոր նախադեպ կարող է դառնալ Հայաստանում սեփականության իրավուքնի պաշտպանության համար ընդահնրապես: «Դա կնշանակի բախվել հանրային շահին, քանի որ խոսքը բանկերի հետ հարաբերությունների, գրավադրվող սեփականության մասին է: Քաղաքացիները, փաստորեն, յուրահատուկ նշումներ պետք է անեն պայմանագրերի վրա, որպեսզի այն համարվի կնքված։ Բացի այդ՝ գույքը գրավադրելիս պետք է այնքան զգույշ լինեն, որ հետո այլ կազմակերպությունների պարտավորությունների համար ամբողջ գույքով պատասխան չտան»: