ԿարևորՔաղաքական

ԵՄ հանձնակատարները անհամբերությամբ են սպասում ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հայտարարություն են տարածել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման կապակցությամբ։

«Ուրախ ենք հաստատել, որ ավարտվել են ԵՄ եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի ներքո Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցությունները, որի շուրջ կողմերը համաձայնել են երեկ Երեւանում»,- հայտարարել են նրանք։

 

Եվրոպացի հանձնակատարները սա գնահատել են դրական զարգացում եւ նշել, որ անհամբերությամբ են սպասում 2013- ի նոյեմբերի 29- ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում համաձայնագրի նախաստորագրմանը։ Էշտոնն ու Ֆյուլեն արձանագրել են, որ 2010- ին սկսված բանակցությունների ավարտը նշանակալի ձեռքբերում է ԵՄ եւ Հայաստանի համար։ Համաձայնագիրը թույլ կտա ԵՄ- ին եւ Հայաստանին միասին առաջ մղելու ծրագրերն ու բարեփոխումները՝ հենված ընդհանուր արժեքների, քաղաքական մերձեցման եւ տնտեսական ինտեգրման վրա։

Նրանք կարծում են, որ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա առօրյա կանքում եւ Հայաստանին ու նրա բոլոր քաղաքացիներին կմերձեցնի Եվրոպական Միությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button