Հասարակություն

Օսկանյանը հերքում է, թե խոստովանություն է արել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում հայտարարել է, որ որեւէ խոստովանություն չի արել։

 

«Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված «Սիվիլիթաս» հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար: Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել»,- հայտարարել է ԱԳ նախկին նախարարը։
ԱԱԾ-ի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, գրել է Օսկանյանը, ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորություններ, և քրեական գործը կարճել:

«Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել: Վերջապես ավարտվեց իմ դեմ սկսած և ավելի քան մեկ տարի տևած անհեթեթ հետապնդումը»,- գրել է Օսկանյանը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնելով  հանրությանը։

Back to top button