Քաղաքական

Մինչև գազի թանկացումը իշխանությունները պետք է գործողությունների ծրագիր ունենային, ասում է Հայրիկյանը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Համատարած թանկացումների մեղավորը, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, մենք բոլորս ենք՝ մեր ունեցած իշխանությամբ: Տրանսպորտի թանկացումը Հայրիկյանը դրական է համարում, քանի որ դա հետևանք է մեկ այլ երևույթի` գազի գնի բարձրացման և մեր իշխանությունների համարժեք պատասխան տալու անկարողության:

Ըստ Հայրիկյանի` մինչև գազի սակագնի բարձրացումը ՀՀ իշխանությունները պետք է գործողությունների հստակ ծրագիր ունենային և բանակցած լինեին հարևան պետությունների, Համաշխարհային բանկի և եվրոպական կառույցների հետ: Ուղեվարձի թանկացումը դեռևս ամրագրված չէ,  և Հայրիկյանը կարծում է, որ այս թանկացումները խաղեր են, որոնք բնորոշ են բոլոր երկրների ղեկավարներին: «120 բարձրացնելու համար բարձրացնում են նախապես 150 և ասում են՝ մեր ժողովրդին շատ ենք սիրում, դրա համար որոշեցինք բարձրացնել 120»:

ԱԻՄ նախագահն ասում է, որ կառավարությունը պետք է մոտ 5 տարի առաջ կանխատեսի, թե ինչ վտանգներ են կախված իր ժողովրդի գլխին և դրանց դեմ լուծումներ մշակի: Մոսկվան բարձրացրեց գազի գինը, մենք էլ հետևից կրկնեցինք նույնը, ասում է Հայրիկյանը` հավելելով, որ  նման ձևով ցանկացած դպրոցական կարող է կառավարել երկիրը:


Ըստ Հայրիկյանի՝ Ռուսաստանը մեր այն դաշնակիցն է, որը մեր թշնամի Ադրբեջանին վաճառել է զենք, որը 90 կիլոմետր  հեռավորությունից կարող է զանգվածային հարված հասցնել: Այդ հանցագործության մասին մենք  պետք է բարձրաձայնեինք ի լուր աշխարհի, սակայն չգիտես ինչու լռեցինք: ՄԵնք այսօր դարձել ենք Մոսկվայի խոնարհ ծառան ու փաստաբանը, հավելեց Հայրիկյանը:

Back to top button