ԿարևորՀասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը Քեմբրիջի նորածին թագաժառանգին Աստվածաշունչ է նվիրել

Հուլիսի 24-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչն այցելել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ: Դեսպանին ընդունել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական դեսպանությունը Քեմբրիջի նորածին թագաժառանգի ծննդյան կապակցությամբ հայտարարել է նվերների ընդունման շաբաթի մասին, Հայկ Քոթանջյանը Պաշտպանության նախարարության անունից Քեմբրիջի նորածին թագաժառանգին նվիրել է Հայաստանի էսթետիկական դաստիարակության մանկական կենտրոնի երեխաների կողմից նկարազարդված Մանկական Աստվածաշունչ հետևյալ մակագրությամբ.

«Նորին գերազանցություն Քեմբրիջի Դքսին և Դքսուհուն: Խնդրում եմ ընդունել մեր սրտագին շնորհավորանքները, լավագույն ցանկությունները և այս եզակի Մանկական Աստվածաշունչը Քեմբրիջի արքայազնի ծննդյան կապակցությամբ: Աստվածաշնչի նկարազարդումները կատարվել են Երևանի էսթետիկ կրթության կենտրոնի հայ երեխաների կողմից, կենտրոն, որը տարիներ առաջ հիմնադրվել էր իմ ընկեր և արվեստի հայտնի գործիչ Հենրիկ Իգիթյանի կողմից: Աստվածաշունչն իր մեջ կրում է սիրո և խաղաղության բացառիկ ուղերձ: Թող այս սուրբ Աստվածաշունչը` պատրաստված տաղանդավոր հայ երեխաների կողմից, երջանիկ և առողջ երկար տարիների կյանք պարգևի նորածին Քեմբրիջի արքայազնին ի փառս Մեծ Բրիտանիայի թագի և բրիտանական ժողովրդի»:

ՀՀ Պաշտպանության նախարարության անունից` գեներալ-մայոր, դոկտոր Հայկ Քոթանջյան, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ:

Ցուցադրել ավելի
Back to top button