ԿարևորՀասարակություն

ՀՀ ոստիկանություն.Հավաքները պետք է անցկացվեն օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ

Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի` առանց իրազեկման կարող են անցկացվել մինչև 100 մասնակից ունեցող հավաքները, իսկ ըստ 26-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը: Ընդ որում, ինքնաբուխ հավաքի անցկացումը չի կարող տևել 6 ժամից ավելի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, և հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել Օրենքի 3-րդ գլխով սահմանված` առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերվող կանոնները, հետևաբար` նշված հավաքները պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:

Միաժամանակ, անցկացվող հավաքների որոշ մասնակիցներ, դրսևորելով առավել հանդուգն վարքագիծ, իրենց գործողություններով շարունակում են կոպտորեն խախտել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, փողոցի բանուկ հատվածում սահմանափակում են հանրային տրանսպորտի տեղաշարժը` իրական վտանգի տակ դնելով և΄ իրենց, և΄ ուղևորների կյանքն ու առողջությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը, ՀՀ ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կրկին անգամ հորդորում է զերծ մնալ Օրենքի պահանջները խախտելուց, այլ անձանց սահմանադրական իրավունքները անհամաչափ կերպով սահմանափակելուց և չխոչընդոտել ոստիկանության ծառայողների կողմից անձանց իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացմանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button