

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ժամանակակից լավագույն սոպրանոներից մեկի՝ Հասմիկ Պապյանի համերը, ում ելույթով էլ կավարտվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը: Բացումն ազդարարել է երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ողջ համրգաշրջանի ընթացքում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթներ ունեցան այնպիսի հյուրեր, ինչպիսիք են շեփորահար Սերգեյ Նակարյակովը, թավջութակահար Մարիո Բրունելլոն և այլք:
Նշենք նաև, որ վաղվա համերգը նվիրված է համաշխարհային երաժաշտության երկու մեծերի՝ Ջուզեպպե Վերդիի և Ռիխարդ Վագների ծննդյան 200-ամյակներին: Իրենց կյանքի ընթացքում իրար հետ հակամարտող եւ իրարամերժ ստեղծագործական ուղի անցած գերմանացի եւ իտալացի խոշորագույն կոմպոզիտորները կմիավորվեն ֆիլհարմոնիկի բեմում՝ Հասմիկ Պապյանի շնորհիվ։
Չնախատեսված համերգ՝ կարճ ժամանակում: Արձակուրդը Հայաստանում անցկացնելու նպատակով համաշխարհային մեծության սոպրանո Հասմիկ Պապյանը հայրենիքում է: Եվ երգչուհին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից` ի դեմս Էդուարդ Թոփչյանի, ստանում է համերգին մասնակցելու առաջարկ: Այսօր ավարտվեցին համերգի փորձերը:
Հասմիկ Պապյանը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Լորիս Ճգնավորյանի գլխավորությամբ, վերջին անգամ երգել է 22 տարի առաջ և խոստովանում է, որ այսօր վերադարձն իր համար և անսպասել էր, և’ հաճելի` ավելացնելով, որ մեր նվագախումբը ոչնչով չի զիջում աշխարհի մյուս լավագույն նվագախմբերին:
«Մեր երկրում ունենալ այսպիսի նվագախումբ իսկապես մեծ շռայլություն է: Կարող եմ ասել հավասարի իրավունքով կարող են ներկայանալ աշխարհին, ինձ համար ոչ մի տարբերություն չկա : Ես այնքան հանգիստ եմ ինձ զգում այս նվագախմբի հետ»:
Առօրյա հոգսերից մի փոքր թոթափվելու համար երգչուհին առաջարկում է լսել դասական մեծությունների` Վագների և Վերդիի օպերանները; Երգչուհու ամենամեծ երազանքը կատարվել է` վագներյան օպերաններից Իզոլդայի դերակատարումը համարվեց նրա դերասանական կարիերայի գագաթնակետը: Բենժամեն Բրիտենի ծննդյան 100- ամյակի առթիվ Հասմիկ Պապյանը Զալցբուրգում կայանալիք համերգին կներկայացնի կոմպոզիտորի «Պատերազմի ռեքվիեմը»: Իսկ հայաստանյան համերգների մասին դեռևս ծրագրեր են մշակվում: Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը վաղվա համերգի համար շատ ուրախ է և նշեց, որ իր համար երկու նվեր կա:
Վաղը` համերգի ժամանակ, այդ առիթը կլինի, հավաստիացնում է մաեստրոն և նշում, որ արդեն ծրագրեր կան արտերկրից վագներյան օպերաների հիմնական դերակատարներ բերելու, որպեսզի Հայաստանում բեմադրվեն կոմպոզիտորի օպերաները: Վաղը համերգի ընթացքում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն նախերգանքներ և արիաներ Ռիխարդ Վագների և Ջուզեպպե Վերդիի հայտնի օպերաներից: