Հասարակություն

Ում կողմ է թեքվում «կշեռքի նժարը». կոտրվածքների կամ սալջարդերի դեպքում պետք է դիմել` բժշկի՞, թե՞ սնխչու:

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Սնխչիությունը, որպես հեքիմության մի բաղադրիչ, 21-րդ դարում այլեւս գոյության իրավունք չունի, այսօր հանդես գալով բժիշկների մի ստվար զանգվածի անունից լրագրողների հետ իր այս համոզմամբ կիսվեց օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Մաթեւոսյանը: Թարմ վնասվածքի վրա ցավը հանելու հիմնավորմամբ սոխ դնելու կամ առանց ռենտգեն ախտորոշման կոտրվածքը ժողովրդական լեզվով ասած «յախուով» ֆիքսելու մոտեցումները մասնագետն անհեթեթ է համարում` շեշտելով` նորագույն բժշկությունն աստիճանաբար ավելի ու ավելի է հետ մղում հին ու անգրագետ մոտեցումները։

Օրթոպեդ- վնասվածքաբան Կարեն Մաթեւոսյանը վստահեցնում է` իր 17 տարվա աշխատանքային պրակտիկայում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ստիպված է եղել զբաղվել այնպիսի հիվանդների բուժմամբ, որոնք արդեն անցել են «սնխչիական կուրսերը»: Որպես կանոն` նման դեպքերում բուժումն ավելի բարդ ու երկար է լինում, իսկ սնխչիներին մեկն անգամ այցելողներն այլեւս նրանց տան ճանապարհը չեն բռնում, շեշտում է մասնագետը:

Կարեն Մաթեւոսյանն անձամբ չի ճանաչում, սակայն ինքն էլ լսել է սնխչիների մասին, ովքեր, այնուամենայնիվ, հաջողություն ունենում են վնասվածքների, կոտրվածքների, ոսկորերը դուրս ընկնելու դեպքում: Սակայն դա նա սնխչիական մոտեցումներն ընդունելու հիմք, միեւնույն է, չի համարում: Առողջական խնդրի դեպքում կա ցուցումների խնդիր. Ճիշտ բժշկական մոտեցումը պարտադրում է ճիշտ ախտորոշում, վնասվածներին` վնասվածքաբանական ճշգրիտ մոտեցում:

Մաթեւոսյանը նկատել է` մարզերի համեմատ Երեւանում գնալով պակասում է այն քաղաքացների թիվը, ովքեր մարմնի տարբեր մասերի վնասվածքի դեպքում նախընտրում են դիմել այլընտրանքային բժշկության` «սնխչիների» ծառայությանը: Նա դա բացատրում է հանրության իրազեկվածության աստիճանի եւ բժիշկների հանդեպ հավատի աճով: Միաժամանակ՝ մարզերում, ըստ նրա, սնխչիները դեռ օրակարգում են, քանի որ առկա է նեղ մասնագետների` վնասվածքաբանների կարիք:

Ցուցադրել ավելի
Back to top button