ԿարևորՀասարակություն

Ոստիկանության հայտարարությունը` բողոքի ակցիաների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ակցիաների վերաբերյալ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում, մի խումբ անձինք խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով երթևեկության բանուկ գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև, ցավոք, անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդի բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ` բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները:

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր ոստիկանության դրսևորած հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները, կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button