Կարեն Անդրեասյանը «Մատրոսկայա տիշինա»-ում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ


Պոդոլսկում 18 մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին տեսակցելու նպատակով Ռուսաստան էր մեկնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում հանդիպել է Հրաչյա Հարությունյանի հետ։
«Կարևորը՝ այս պահին նրա կյանքին և առողջությանը ակնհայտորեն վտանգ չէր սպառնում։ Իհարկե, դեռ ունի վնասվածք, որը պետք է ապաքինվի։ Շատ ավելի դրական է, քան մենք բոլորս տեսել էինք այդ տեսաերիզում ։ Անհամեմատելի փոփոխություն կա, բնականաբար, այդ վիճակից, բայց, իհարկե, խնդիրները դեռ կան, և խնդիրների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ Երևանում»,- ասել է Կարեն Անդրեասյանը։
Օմբուդսմենը նաև պատմել է, որ Ռուսաստանում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր տեղական պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Մոսկվայում Հայաստանի դեսպանի հետ։ Տեղեկացնենք նաև, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կհանդիպի լրագրողների հետ և կներկայացնի Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները: