Ինչու է լռում իշխանությունը, երբ բողոքում է հասարակությունը. քննարկում՝ ՄԱԱ-ում


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցի շուրջ այսօր հասարակական–քաղաքական քննարկում է հրավիրել Մամուլի ազգային ակումբը: Երևանի քաղաքապետարանն ու մի քանի կուսակացություններ քննարկման հրավերին չեն արձագանքել: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը քննարկմանը նշել է, որ հասարակական բողոքին ի պատասխան իշխանություններն առայժմ լուռ են: Նրա կարծիքով՝ տրանսպորտի գնի բարձրացումը նախ և առաջ պետք է քննարկվեր Երևանի ավագանու արտահերթ նիստում:
ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ուղեվարձի բարձրացումը պրմիտիվ խնդիր է համարում՝ հիշեցնելով, որ տևական ժամանակ Հայաստանում հասարակական տրանսպորտի գինը չի փոխվել: Ըստ նրա՝ տարօրինակ է, որ գազի գնի բարձրացումից հանրությունն առանձնապես չբողողոքեց, մինչդեռ բողոքում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից: Աթանեսյանի կարծիքով ՝ սա նշանակում է պայքարել ոչ թե պատճառների, այլ հետևանքների դեմ: Տրանսպորտի գնի փոփոխությունն, ըստ նրա, փոքրիկ հետևանքներից մեկն է, իսկ պատճառները պրոռուսական քաղաքականության մեջ են:
«Վերջին տարիներին Հայաստանն իր անկախության ու անվտանգության բանալիները հերթով հանձնել է Ռուսաստանին, իսկ հիմա զարմանում ենք, թե ինչու է Ռուսաստնաը հերթով օգտագործում այդ բանալիներն այնպես, ինչպես ուզում է»:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս հարցում պրոռուսական քաղաքականության հետևանքենրը տեսնելու մոտեցումը չի կիսում: Նա կարծում է, որ հասարակական բողոքի միակ հասցեատերը իշխանություններն են: Ըստ նրա ՝ կա հասարակական բողոք, կան հարցեր, բայց առայժմ չկան պատասխաններ իշխանությունների կողմից:
«Մենք ունենք երիտասարդների մի խրոխտ զանգված, որը պայքարում է, բայց պայքարի վերջնական հանգրվանը չի երևում : Ինչ է կատարվում իշխանության ներսում, բոլորը լուռ են, ամեն ինչ գցվել է գծատերերի վրա: Ստացվում է, որ այս ակցիաներով անագամ պատասխան ստանալ չենք կարողանում»:
Իշխանություններն, ըստ Արամ Կարապետյանի, իրավիճակի հանգուցալուծման երկու ճանապարհ ունեն, կամ սուբսիդավորում, կամ եկամուտների բարձրացում: Կառավարությունը, ընդդիմադիր գործչի կարծիքով, պետք է նաև մանրամասն հաշվետվություն ներկայացնի այն մասին, թե որն է թանկացումների դեմ պայքարի տրամաբանությունն ու հայեցակարգը: Իսկ առաջին քայլը պետք է լիներ Երևանի ավագանու արտահերթ նիստը:
«Դա կլիներ առաջին քաղաքական քննարկումը, որի ընթացքում բացատրություններ ու հիմնավորումներ կհնչեին»:
Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու փորձ արել է «Բարև Երևան» դաշինքը, ինչր չի հաջողվել անհրաժեշտ ձայներ չունենալու պատճառով:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանն, ով մասնակցում էր այսօրվա քննարկմանը, ավագանու շրջանակում իրենց նախաձեռնություններին չանդրադարձավ, փոխարենը պատմեց «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությանը միանալու իր փորձի մասին: Ավագանու անդամը երեկ կանգառից իր ուղղությամբ գնացող 5 ուղևորների որոշել է անվճար տեղափոխել:
«Անցնելով երկու հարյուր մետր, պետավտոտեսուչը կանգնեցրեց ինձ, ասաց՝ շատ ուղևոր եք վերցրել, հետևում երեք հոգուց ավելի իրավունք չունի նստի: Ես էլ ասացի` արձանագրեք նաև երթուղային տաքսիների խախտումները, որոնք գերբեռնված, կիսակքած վիճակում մարդկանց են տեղափոխում խտացումները»:
Պետավտոտեսուչը արձանագրություն չի կազմել: