Հասարակություն

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման մասնակիցները քննարկել են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մտքեր են փոխանակվել Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներում արձանագրած առաջընթացի շուրջ։

Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովից անցած երկու տարիների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում՝ Ասոցացման համաձայնագրի, մարդկանց շարժունակության, Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցությունների։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությունը՝ իրականացվող բարեփոխումների խթանման համար։ Նա շեշտել է, որ միջազգային կառույցների վերջին զեկույցները արձանագրում են Հայաստանի առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը և այլն։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Երևանում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա կրթության բնագավառին նվիրված բարձր մակարդակի հանդիպում։

Ցուցադրել ավելի
Back to top button