Հասարակություն

Գիտությունը տեղափոխվել է կոռուպցիոն դաշտ. «Մարի Կյուրիի» մրցանակակիրը մերժվել է Հայաստանում

 Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Կիսասոված գիտնականներով համաշխարհային գիտություն զարգացնելը, պարզապես խելագարություն է, այօսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Համահայկական գիտական խորհուրդ» հկ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը` նշելով, որ այսօր մենք ունենք գիտություն, որն ամբողջովին տեղափոխվել է կրիմինալ, կոռուպցիոն դաշտ։ Գիտության և համալսարանական կրթության բնագավառում այսօր տիրում է իսկական քաոս՝ հատկապես գիտության փորձագիտության բանագավառում, ինչին մեծապես նպաստել է 2007 թվականից ԿԳ նախարարության կազմում Գիտության պետական կոմիտեի ձևավորումը, նկատում է գիտնականը։

Իսկ թե իրականում որ թեմաներն են գնահատվում գիպետկոմի կողմից, Սիներիկ Հայրապետյանը չմանրամասնեց, պարզապես խորհուրդ տվեց այցելել կոմիտեի կայք: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ բարձր վարկանիշով չէ, որ որոշվում է նյութի գիտական արժեքը: Դրա վառ օրինակը  ԳԱԱ առաջատար գիտաշխատող Գրիշա Բալասանյանի աշխատությունն է, որը հեղինակը 2 տարի առաջ ներկայացրել է Գիտության պետական կոմիտե և մերժում ստացել: Մինչդեռ՝ դրանից անմիջապես հետո տվյալ աշխատությունը  Գրիշա Բալասանյանը ներկայացնում է Եվրոպայի գիտական խորհրդին և վերջինիս կողմից արժանանում Մարի Կյուրիի մրցանակի։ Գրիշա Բալասանյանը հրավերներ է ստացել նաև Լոնդոնի, Իսրայելի և Հունաստանի համալսարաններից: Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչու է մերժվել Գիտության պետական կոմիտեի կողմից, Բալասանյանը պատասխանեց, որ կոմիտեն գիտենալով, որ ինքը  դեմ է նման համակարգին, մերժել է ոչ թե աշխատության, այլ՝ իր հայացքների համար։ 

Back to top button