ԿարևորՀասարակություն

Բողոքի ակցիան Երեւանի քաղաքապետարանից տեղափոխվեց ոստիկանության կենտրոնական բաժանմունք. բերման է ենթարկվել չորս ակտիվիստ

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Տրանսպորտի թանկացման դեմ ընդվզումները շարունակվել են այսօր արդեն քաղաքապետարանի մոտ։ Իրավապահները փորձեցին խափանել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցների ցույցը՝ ձերբակալելով չորս ակտիվիստի։ Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի խոսքով` բերման ենթարկվածները խախտել են հասարակական կարգը: Ակցիայի մասնակիցները փակել էին Արգիշտի Բեյրութ խաչմերուկը և կանգնեցնելով երթուղայինները` մարդկանց բաժանում էին  սահմանված 150 դրամը չվճարելու կոչով թռուցիկներ  և առաջարկում միանալ իրենց ակցիային:

 

«Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ այսօրինակ ընդվզումները օդի և ջրի պես մեր երկրի ապագայի համար անհրաժեշտ են և հավելեց, որ դրանք  էլ  ավելի ուժեղ պետք է լինեն։ «Մենք շենքում շատ կարող ենք աշխատել, բայց եթե դրսում ճնշումը պատշաճ մակարդակի վրա չլինի, սրանք ասելու են՝ ի՞նչ եք ասում, մարդիկ համաձայն են, տալիս են»:

Իրավապահների ճնշումները հետ չկանգնեցրին երիտասարդներին և վերջիններս հասան մինչև քաղաքապետարանի մուտքի մոտ` սպասելով իրավասուներից որևէ պարզաբանում, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները ակտիվիստներին հետևում էին պատուհաններից միայն: Հետո ակտիվիստները ոստիկաններից պահանջեցին ազատ արձակել բերման ենթարկված իրենց 4 ընկերներին՝ շարժվելով Կենտրոնի ոստիկանություն։
Այստեղ արդեն բերման են ենթարկվել նաև ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն ու Սարգիս Գևորգյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այժմ ոստիկանության շենքում է:

 

Քաղաքապետարանի մոտ ցուցարարների ձերբակալության միջադեպին ականատես է եղել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը։ Նա եւ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանը  եւս ոստիկանության բաժանմունքում հանդիպել են ակտիվիստների հետ։ Վերջինները հայտնել են, որ իրենց բռնի ուժով են բերման ենթարկել ոստիկանություն, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար  և չեն բացատրել իրենց իրավունքները:

«Ակտիվիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ, սակայն Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների պահանջած պարզաբանումներին ի պատասխան, ոստիկանությունում նշել են, որ դեպքի առնչությամբ արձանագրությունները դեռևս կազմված չեն»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Տեղեկացնենք, նաև, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի քիչ առաջ անձամբ է գնացել մայրաքաղաքի ոստիկանության Կենտրոնական բաժին, որի դիմաց հավաքվել են մեծաթիվ ցուցարարներ և լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրել, որ երիտասարդները բերման են ենթարկվել երեկ հարուցված քրեական գործի շրջանակներում, նրանք հարցաքննվել են որպես վկաներ:  Երևանի ոստիկանապետի  խոսքով` հարցաքննությունից հետո երիտասարդները հնարավորինս արագ ազատ կարձակվեն: Իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ առաջարկել է, որ  ակտիվիստներից 4 հոգի հանդիպեն  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ինչից վերջինները հրաժարվել են:

Ցուցադրել ավելի
Back to top button