ԿարևորՔաղաքական

Տրանսպորտի թանկացումը՝ հասարակական բողոքի պատճառ (ֆոտոշարք)

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/07/220713transport1.mp3
Հուլիսի 20-ից թանկացավ նաև հասարարակական տրանսպորտը:  Տրանսպորտի ուղեվարձի կիսով չափ թանկացումն ակնկալում էր ուղևորների համար քաղաքակիրթ փոխադրում: Սակայն այդօրինակ խոստումներն անգամ չսաստեցին մայրաքաղաքի  բնակչության ընդվզումները:

Բարելավվե՞լ  է  արդյոք փոխադրամիջոցի սպասարկումը, թե ոչ, կարող է դատել կանգառում կանգնած յուրաքանչյուրը: Թե ինչու են իրավասուները միայն այսօր` թանկացումից հետո հիշել  սպասարկման որակի մասին,  մնում է հռետորական հարցերի շարքում:

Տնտեսագետ  Արամ Գրիգորյանն առաջարկում է քաղաքապետարարնին կազմակերպել հանրային քննարկումներ, լսել շահագրգիռ մարդկանց ու մասնագետների:  Նրա խոսքով ` ինչո՞ւ ենք մենք վճարում անգամ 100 դրամ, եթե չկա որակյալ սպասարկում։

«Բարև Երևան» դաշինքն իր անհամաձայնությունն է հայտնել ուղեվարձերի բարձրացման դեմ,  քանի որ պատկան մարմինների կողմից չեն տրվել կոնկրետ հիմնավորումներ հարցի առնչությամբ։ Արձակուրդային շրջանում «Բարև Երևանը» հայտարարել է, որպեսզի Երևանի ավագանին հրավիրի արտահերթ նիստ` հասարակական հնչեղություն ստացած հարցը  քննարկելու համար:

«Երևանի քաղաքապետի կողմից կայացված որոշումը հինազուրկ է, հասարակական բողոքից հետո քաղաքապետարանի կողմից տրամադրված հիմնավորումները տրամաբանության շրջանակներում չեն»,- ասում է ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը։ Դաշինքը պատրաստվում է քաղաքացիների հետ դիմել դատարան` քաղաքապետի որոշումը բողոքարկելու նպատակով և  դրա համար ունեն բավարար հիմքեր։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով` իրենք չեն տեսել թանկացման վերաբերյալ հրապարակված ակտը, միայն լսել են քաղաքապետարանի  հայտարարությունը, հավելեց, որ քաղաքապետը զարկ է տալիս գծատերերի բիզնես շահին։

Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն էլ հավելեց, որ քաղաքապետարանը շարունակում է բռի որոշումների ինստիտուտը և հիշեցրեց մարտի 28-ին քաղաքապետի այն հայտարարությունը, որ քաղաքային տրանսպորտը չի թանկանալու, սակայն, ինչպես տեսնում ենք, սա առաջին դեպքը չէ, որ իշխանավորների խոստումներն ու գործն իրար չեն պամապատասխանում։ «Ներկա քաղաքային իշխանությունը որևիցե տեղ չի գնալու, հանդիպելու է քաղաքացիական մեծ հակահարվածի»։ Սանասարյանը նշեց, որ իրենք աջակցելու  են քաղաքացիական ընդվզմանը։

«Բարև Երևան» դաշինքի համար անակնկալ թանկացումից հետո վերջիններս հանդիպումներ են ունեցել ուղևորափոխադրումներ իրականացնող ձեռնարկատերերի հետ, որոնք առաջարկել են լուրջ փոփոխություններ, որը չէր բերի ուղեվարձի 50 տոկոս թանկացմանը: Դաշինքից ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը նշեց, որ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ վերջիններիս առաջարկած մեխանիզմենրը լսելուց հետո  հանգել են այն մտքին, որ քաղաքապետարանի «բարի կամքի» դրսևորման պարագայում ուղեվարձը չէր թանկանա։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշեց, որ գները գնալով բարձրանալու են, քանի որ աճում է կյանքի արժեքը, իսկ վարորդական դասի աշխատավարձերն էլ բարձրանալու է մեր հաշվին։ Ադիբեկյանը խնդիր է համարում այն, որ ոչ թե տրանսպորտի գինն է բարձր, այլ՝ աշխատավարձերն են ցածր: Ըստ նրա` պետք է վերանայվի ուղեվարձը, քանի որ  հաշվարկների մեջ սխալներ կան և, ըստ այդ հաշվարկների,  գծատերերը չեն կարողանում հոգալ ծախսերը։

Ցուցադրել ավելի
Back to top button