Հրաչյա Հարությունյանին սկսել են հարցաքննել


Մոսկվայի ոստիկանության քննիչն այսօր սկսել է Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը։ ԻՏԱՌ ՏԱՍՍ- ը տեղեկացնում է, որ մերձմոսկովյան Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով կասկածկալին հարցաքննում են «Մատրոսսկայա տիշինայում»։ Նրան տեղափոխել են մեկուսարանի հիվանդանոցային մաս, քանի որ վերջինս գանգատվում է առողջական վիճակից:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» ավտոմեքենայի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել էր 18 մարդ, 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ։
Հրաչյա Հարությունյանը, ըստ գործակալության, կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 13-ը: Վարորդի պաշտպանները որոշումը չեն բողոքարկել, փաստաբանները նրա խափանման միջոցը անվանել են չափազանց խիստ, բայց ընդգծել են, որ իրենց պաշտպանյալն այն բողոքարկել չի պատրաստվում, քանի որ նրա համար միևնույն է։