Մշակույթ

Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի ցուցադրություն` Հոլիվուդի սրտում

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Արամ Խաչատրյանի ծննդյան 110 ամյակի առիթով, Հոլիվուդի սրտում` Եգիպտական թատրոնի դահլիճում, ցուցադրվել է երկու ժամանոց փաստավավերագրական ֆիլմ: Այն հայ և օտար հանդիսատեսին ներկայացրել է ոչ միայն մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը, այլև նրա ապրած ժամանակաշրջանը` ստեղծագործ անհատի շուրջ հյուսվող ինտրիգները և նրա կռիվը սովետական իրականության դեմ: Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել է Լոս Անջելեսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և “Արփա” կինոփառատոնի համատեղ ջանքով:

Մեծ կոմպոզիտորի կյանքն ու անցած ճանապարհը ներկայացվեց Խաչատրյանի ու նրա մտերիմների հիշողությունների միջոցով` սկսած առաջին քայլից. դասական երաժշտության նկատմամբ առաջին կիքրը, առաջին հաջողությունն ու առաջին հիասթափությունը, մտերիմների դավաճանությունն ու արատավոր միջավայրի հետ պայքարը. ֆիլմի հեղինակները` Դորա և Ռոբերտ Կունը, ներկայացնում են այս ամենը` մինչև այժմ անհայտ մանրամասներով:

“Կինս դաշնակահարուհի է և Խաչատրյանի ջութակի կոնցերտը ներկայացրել է մոտ 4 տասնյակ երկրում` Չիլիից մինչև Չինաստան: Խաչատրյանի` աշխարհին ամենահայտնի գործը թերևս Սուսերով պարն է. մենք ցանկացանք ավելի լայն ասպեկտով ճանաչելի դարձնել նրան: Հայտնի ռեժիսոր Փիթեր Ռոզենը մեր մտահղացումն իրագործեց քաղաքական ենթատեքստում` ներկայացնելով պատմություն Խաչատրյանի հայկական ոգու, ստեղծագործական մեծ ուժի և սովետական դաժան իրականության մասին”:

Ֆիլմում օգտագործված են արխիվային բացառիկ կադրեր, որոնց մի մասը երբևէ չի ցուցադրվել: Կան նաև Արամ Խաչատրյանի ժամանակակիցների հիշողությունները, հարցազրույցներ նույնիսկ նրանց հետ, ովքեր ժամանակին դավաճանել են կոմպոզիտորին:

“Ես հավերժ սիրահարված եմ Խաչատրյանի երաժշտությանը: Նրա ջութակի կոնցերտն իմ այցեքարտն է եղել աշխարհով մեկ: Ես ցանկացա, որ բոլորը նրան ճանաչեն խորությամբ, իմանան, որ նա հայ է, որ նա միշտ մոտ է եղել իր արմատներին: Կարծում եմ` նա կհավաներ ֆիլմը”, ասաց Դորա Կունը:

Խաչատրյան ֆիլմը ներկայացվել է տասնյակ փառատոնների, Հոլիվուդ կինոփառատոնում առաջին մրցանակի արժանացել:Առաջիկայում էլ այն կշարունակենք ներկայացնել տարբեր երկրներում, ասում է Դորա Կունը: Նրա խոսքով, ֆիլմը մեծ մարդու մասին մեծ պատմություն է, որն արդեն ապրում է իր կյանքով և միշտ կլինի էկրանին:

Ցուցադրել ավելի
Back to top button