Հասարակություն

Սեյրան Օհանյանը հանձնարարել է ճիշտ կազմակերպել բանակում արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում, այսօր՝ հուլիսի 20-ին, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է նախարար Սեյրան Օհանյանը:

«2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության եւ զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները, վարչությունների պետեր:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն իր խոսքում անդրադարձել է Ստեփանակերտում անցկացվող ռազմական կոլեգիայի առանձնահատկությանը` նշելով, որ այն բացառիկ է ոչ միայն տեղի ընտրության, այլեւ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջեւ փորձի փոխանակման եւ համագործակցության խորացման առումով: Ս. Օհանյանն համառոտ ներկայացրել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, կարեւորել է պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման եւ շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը:

Նիստի ժամանակ համապարփակ զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը եւ գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանը:

Կոլեգիայի նիստի ընթացքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն` 2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում լավագույն կողմերով աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը Սեյրան Օհանյանն ընդգծել է կիսամյակի ընթացքում արձանագրված թերացումները եւ դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը, տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: Ս. Օհանյանը հատկապես կարեւորել է մարտական պատրաստության ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման, դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, ինչպես նաեւ արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ճիշտ եւ նպատակային կազմակերպման անհրաժեշտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button