ԿարևորՀասարակություն

«Շշուկների մատյան»-ը շարունակում է ներկայացվել նոր լեզուներով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Աշխարհը Հայոց Ցեղասպանության փաստին իրազեկվելու ու դրա անհերքելիության մեջ հերթական անգամ համոզվելու հերթական հիմքն ունի: Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը շարունակում է ներկայացվել նորանոր երկրներում` նորանոր լեզուներով` նորանոր ընթերցողների` շարունակելով մնալ համաշխարհային բեսթսելլերների շարքում: Միջազգային լրատվամիջոցները չեն դադարում անդրադառնալ «Շշուկների մատյան» վեպին: Պատմությանը տեղյակ մասնագետներն էլ չեն դադարում հայտարարել դրա հեղինակին Նոբելյան մրցանակի արժանացնելու անհրաժեշտության մասին: Անձամբ վեպի հեղինակը` Վարուժան Ոսկանյանը, իր աշխատության մասին խոսելիս առաջին հերթին շեշտադրում է դրա ասելիքը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ դրանից հետո:

Տասնյակ լեզուներով գրքի ներկայացման ֆինանսական ծախսերը հոգալու դժվարություններ չեն եղել: Գերմաներենով գրքի ներկայացման ծախսերն, օրինակ, ստանձնել է գերմանական «Ժոլնայ» հրատարակչությունը: Սա նույն այն հրատարակչությունն է, որ 80 տարի առաջ տպագրել է Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրեր»-ը` հիմնավորելով` «Շշուկների մատյան»-ն ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա միջազգային քաղաքական կարծիքի վրա: Հրեա գրողների միությունն իր հերթին է աջակցել լայն հանրությանը վեպի ներկայացմանը եւ նախաձեռնել հեղինակին Նոբելյան մրցանակի արժանացնելու քայլը` հիմնավորելով` «նման մրցանակը աշխարհի խիղճը կբեւեռի այս աղետի վրա եւ խորություն կհաղորդի այս սարսափելի ոճրագործության ճանաչմանը»:

«Շշուկների մատյան» -ը գնալով ավելի ու ավելի լուրջ գլխացավանք է դառնում թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրա թարգմանությունն ու տարածումը: Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նամակով դիմել էր այդ երկրի իշխանություններին, երբ անցյալ սեպտեմբերի 21-ին Բուխարեստի թանգարաններից մեկում «Շշուկների մատյանի» շուրջ կազմակերպվել էր հանդիպում Վարուժան Ոսկանյանի հետ: Դեռեւս 2009թ. Անկարան պաշտոնական միջամտությամբ փորձել է կանխել վեպի ռումիներեն հրատարակումը: Կառավարական եւ դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր երկրներում` թույլ չտալու Վարուժան Ոսկանյանի մասնակցությունը Փարիզի Գրքի սալոնին: Բանն այն է, որ Ոսկանյանը ոչ միայն հայ է, այլեւ Ռումինիայի ներկա կառավարության անդամ, ուր զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի ծանրակշիռ պաշտոնը, նաեւ Ռումինիայի սենատի անդամ է: «Շշուկների մատյանն» այս ընթացքում ռիսկերի ենթարկել է թե’ Ոսկանյանի կարիերան, թե’ անձը:

«Շշուկների մատյան»-ը պատմում է Հայոց ցեղասպանության եւ 20-րդ դարի սարսափների մասին` երիտթուրքեր, ֆաշիզմ, ստալինիզմ, դաժան իրադարձություններ, որոնց թանձր նստվածքը մինչ այսօր պահպանվում է մարդկանց մտքերում եւ հոգիներում: Վեպը լույս է տեսել 2009-ին Բուխարեստում եւ դարձել հրատարակչական տարվա ամենաբարձր գնահատականի արժանացած եւ ամենաշատ մրցանակներ ստացած գործերից մեկը: Հայոց ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին:

««Շշուկների մատյանը» հայ ժողովրդի տառապանքների հիմնն է»,-նկատում է արգենտինյան Լա Նասիոն պարեբարականը: Իսկ «Ֆրանս-պրես»-ը նկատում է` «Շշուկների մատյան»-ի միայն իսպաներեն տարբերակն աննախադեպ հաջողություն է արձանագրել լատինամերիկյան երկրներում` 2011թ. աշնանը Կոլումբիայում դառնալով ամենաշատ վաճառվող գործը եւ մինչեւ այս տարվա գարնանը մնալով հինգ լավագույն բեստսելլերների մեջ: Վեպի հեղինակն իր աշխատության ճանաչումից առաջին հերթին բարոյական սպասելիքներ ունի:

Back to top button