ԿարևորՀասարակություն

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում`  Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հանդիսության սկզբում ընթերցվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով վերջինս ողջունում էր այս կարևոր նախաձեռնությունը և նշում, որ թանգարանի հիմնումը կօգնի վառ  պահել հիշողությունը մի ցեղասպանության մասին, որը ցնցել է համայն մարդկությունը։ Ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը և դեսպան Մելիքյանը։

Հայաստանի կառավարության անունից խորին երախտագիտություն հայտնելով Ուրուգվայի իշխանություններին և նախաձեռնության հեղինակներին` դեսպանը նշել է, որ սա ևս մեկ կարևոր և պատմական քայլ է արդարության վերականգնման ճանապարհին և հերթական հիմնավոր պատասխանը ժխտողականությանն ու այլատյացությանը։

Թանգարանի կառուցումը սկսելու նպատակով առաջիկայում կձևավորվի պետական հանձնաժողով։

Ցուցադրել ավելի
Back to top button