ԿարևորՄշակույթ

ԻԿՕՄ- Հայաստանը թանգարանների մասին գիրք կհրատարակի

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կան մոտ 120 թանգարան, որից 30-40-ը մայրաքաղքում են, մյուսները մարզերում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը: Մեր մշակույթով այսօր հիմնականում հետաքրքրվում են զբոսաշրջիկները, ովքեր այցելում են Մատենադարան, Գառնու տաճար, Փարաջանովի և Պատմության թանգարաններ: 2010 թվականին ԻԿՕՄ-ի սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել , որ թե’ տեղացի, և թե’ օտարերկրացի այցելուներ ամենաշատն ունեցել է Ազգային պատկերասրահը, հետո Թումանյանի անվան տուն-թանգարանը, Էրեբունու արգելոց-թանգարանը ու Մատենադարանը:

Այսօր մենք ունենք մշակութային ժառանգություն, որը, ըստ ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանի, մեր երկրի համար համարվում է «բռենդային» : Օրինակ` միջնադարյան ձեռագրերը, խաչքարերը դրանք մեր երկրի մենաշնորհն են, որոնք ուրիշ այլ երկրներում չես կարող տեսնել:
ԻԿՕՄ ասոցիացիան նախատեսում է թանգարանների մասին հրատարակել հայերենով և անգլերենով տեղեկագիրք, որը նախատեսված է և’ տեղացիների, և’ զբոսաշրջիկների համար: Գիրքը նախատեսվում է հրատարակել հաջորդ տարի: Եթե մեր հարևան երկրներն ունեն հատուկ մշակած տեղեկագրքեր թանգարարնների գործունեության և հավաքածուների մասին, ապա մեր երկրում կան թանգարաններ, որոնք չունեն անգամ հասարակ բուկլետներ: Ունենալու դեպքում էլ վաճառում են, նշեց Անի Ավագյանը:

«Սա ռազմավարական շատ թույլ կողմ է մեզ համար, դա պետք է համատարած տպագրվի, ոչ միայն թանգարանների, այլ նաև մշակույթի բոլոր ոլորտների վերաբերյալ, և բաժանել աշխարհում անվճար»:

Թանգարաններ էլ կան, որոնք չունեն հստակ ցուցանակներ և անցորդը չգիտի, որ այդտեղ թանգարան կա, իսկ արտերկրում սա լուրջ գիտություն է` մարդկանց տեղեկացնելու և գրավելու ուղղությամբ: Ավագյանի խոսքով` նման խնդիրների լուծմամբ պետք է զբաղվի և’ մշակույթի նախարարությունը, և’ քաղաքապետարանը: Վերջին տարիներին շատ թանգարաններ ակտիվ գործունեություն են ծավալում` զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ: Թվում է, թե Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն ինչով պետք է գրավի այցելուներին, սակայն այսօր մշակութային այդ օջախը լավագույն օրինակներից է զբոսաշրջիկներին գրավելու հարցում:

Գաղտնիք չէ, որ այսօր մեր թանգարանները շատ բաց տեղեր ունեն` թանգարաններ կան, որոնք ունեն շենքային վատ պայմաններ, աշխատակազմի և առաջարկվող ծրագրերի խնդիրներ, սակայն, ըստ Ավագյանի, քայլեր ձեռնարկվում են դրանց լուծումներ տալու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button