Հասարակություն

Հինգ բալանոցով՝ երկուս. փաստաբանը գնահատում է նախաքննությունը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հինգ բալանոց սանդղակով՝ երկուս.  այս  գնահատականն է տալիս  Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը  Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի առանձնատան մոտ հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործով ընթացող նախաքննությանը:  Պաշտպանն իր անբավարար  գնահատականը հիմնավորում է պաշտոնատար անձանց ու պետական կառույցների  հայտարարություններով: Խոսքն, ըստ նրա,  նախ Սյունիքի մարզպետարանի հայտարարության,  ապա ՝ գործի վերաբերյալ զինդատախազի տված մեկնաբանությունների  մասին է: Դրանցում փաստաբանը միակողմանի մոտեցում է տեսնում՝ ի պաշտպանություն Խաչատրյանների:

 

«Նախաքննությունն ընթանում է պարոն Կոստանյանի (զինդատախազ. խմբ) կողմից ի սկզբանե նախանշված գծով: Փարոսի նման դրել էր մի ուղենիշ`թե ուր պիտի գնա նախաքննությունը,  եւ հիմա ես տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ էդ ճանապարհով»,- ասում է փաստաբանը։

Եթե կողմերից մեկին օգնելու նպատակ կա, ապա, ըստ փաստաբանի,   երկու ճանապարհ  կարող է օգտագործվել. կամ նվազեցնել, ավելի թեթև դարձնել  արաքրի հետևանքները, ինչն այս դեպքում, ըստ նրա,  կիրառելի չէ, քանի որ հետևանքներն ակնհայտ են բոլորի համար՝ կա սպանություն  և ծանր մարմնական վնասվածք: Իսկ երկրորդ ճանապարհը՝ մյուս կողմի մեղքն   արհեստականորեն ծանրացնելու տեխնոլոգիան է: 
«Նախաքննությունն այսօր գնում է երկրորդ ճանապարհով»:

 

Քրեական գործի շրջանակում վերջերս  մեղադրանք առաջադրվեց Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին։ Մեղադրանքն առաջադրվեց Քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվածի առաջին մասով՝ սպառնալիքի համար: Չորս օր առաջ Բուդաղյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Միջնորդության մեջ Ալումյանը հղում է արել փորձաքննությունների վերջերս ստացված եզրակացություններին, որոնք, ըստ նրա, վկայում են հանցակազմի բացակայության մասին: «Իմ վստահորդին այսպիսի մեղադրանք առաջադրելը  նշանակում է սևը անվանել սպիտակ չէ»:

Ի դեպ՝ Հայկ Ալումյանն  օրերս գրավոր դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պարզաբանում խնդրելով նաև այն մասին, թե արդյո՞ք զինվորական դատախազի հրապարակային հայտարարությունները, լրատվամիջոցներին  տված մեկնաբանությունները  հանդիսանում են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետն այս գործի վերաբերյալ:  Դատախազի մամուլի խոսնակը, լրատվամիջոցների խնդրանքով անդրադառնալով նամակին, ասել էր , թե փաստաբանի հարցադրումը հիմնազուրկ է, նշել էր նաև, որ  անմտություն է որեւէ քրեական գործով դատախազության հավաքական տեսակետ ակնկալել։ 
«Ցավում եմ, որ պատկառելի կառույցի մամուլի քարտուղարին ստիպված եմ բացատրել , որ  պաշտոնական տեսակետ և հավաքական տեսակաետ տերմիններն խիստ տարբեր եզրույթներ են»,- ասում է Ալումյանը։

Մի դիմում էլ Հայկ Ալումյանը ներկայացրել է ոստիկանապետին. Վլադիմիր Գասպարյանին փաստաբանը  խնդրել է ծառայողական քննություն սկսել Գորիսի ոստկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր նախկին մարզպետի առանձնատանը դեպքից հետո խուզարկություն են կատարել: Խուզարկությունը, ըստ փաստաբանի, կատարվել է կոպիտ խախտումներով, ինչը հնարավորություն է տվել թաքցնել չգրանցված զենքը։ Դատախազությունը, հիշեցնեմ, հրապարակել էր, որ Խաչատրյանի տնից 9 միավոր զենք  է առգրավվել:

«Այստեղ է ամբողջ պրոբլեմը, կամ ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Հրապարկվեց ոչ թե այն ցանկը, որը հայտնաբերել էր, այլ այն, որը  Սուրիկ Խաչատրյանը հանձնել էր: Շատ տարբեր բաներ են: Եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, վախենում եմ, որ այդ ցանկը շատ ավելի մեծ լիներ»,- կարծում է փաստաբանը։

Անդրադառնալով հաշվեհարդարի կամ  վենդետայի հնարավորությունը՝  Հայկ Ալումյանն այսօր պաշտոնապես  իր վստահորդի  անունից հայտարարեց. Բուդաղյաններն ապավինում են օրենքին, իրավապահ մարմինների անաչառությանը և համոզմունք ունեն, որ հասնելու են արդար դատավճռի։

Ցուցադրել ավելի
Back to top button