Հասարակություն

Սփյուռքի նախարարն այսօր աջակցություն խնդրեց նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպաններից

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման հարցով այսօր աջակցություն է խնդրել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյից։ Նախորդ երկու օրերին նախարարն արդեն այս խնդրով հանդիպել է ՀՀ- ում ԵՍ պատվիրակության ղեկավարի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ։
«Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության հիմնասյուն հանդիսացող երկրներից է, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։ Օգնության նույն խնդրանքով դիմում եմ նաև Ֆրանսիայի կառավարությանը ընդառաջելու ակնկալիքով»:

Ի պատասխան՝ դեսպան Ռենոն հայտնել է, որ «Ֆրանսիան երկար ժամանակ է ինչ Սիրիայի հարցի կարգավորման շուրջ լուծումներ է փնտրում, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում Արևելքի քրիստոնյաներին: Այս հարցերում մեր ցուցաբերած օժանդակությունը կրկնակի է, և որպես Եվրամիության անդամ երկիր, և որպես Ֆրանսիայի Հանրապետություն: Սիրիացի փախստականների համար մենք 700 միլիոն եվրոյի օգնություն ենք ցուցաբերել: Սիրիային անմիջական սահմանակից երկրներին 140 միլիոն եվրոյի օժանդակություն ենք հատկացրել, որից 100 միլիոնը Հորդանանին, քանի որ փախստականների զգալի մասը Հորդանանում են ապաստանել: Ուստի հասկանալով Ձեր առջև ծառացած խնդիրները ես անմիջապես իմ ղեկավար մարմիններին կփոխանցեմ Ձեր խնդրանքն ու առաջարկությունները, որոնք կարծում եմ կունենան արձագանք և կստանան աջակցություն»:

Նույն խնդրանքով նախարար Հակոբյանն այսօր դիմել է նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին։

Ցուցադրել ավելի
Back to top button